Հայաստանում 2009 թ.-ին հանցագործությունների բացահայտումն ավելացել է 9 տոկոսով. ոստիկանություն

04.11.2009, 14:32
Հայաստանում 2009 թ.-ին հանցագործությունների բացահայտումն ավելացել է 9 տոկոսով. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2009 թ.-ի ինը ամսվա ընթացքում 9 տոկոսով ավելացել է հանցագործությունների բացահայտումը՝ կազմելով 77,8 տոկոս՝ 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի 68,8 տոկոսի համեմատ, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանը:

«Ոստիկանության աշխատանքի արդյունավետության մասին կարելի է դատել այս ցուցանիշներով, այլ ոչ թե հանցավորության աճով», - ընդգծել է նա:

Շիրինյանը 2009 թ.-ին Հայաստանում գրանցված հանցագործությունների 57 տոկոսով աճը (10 719 հանցագործություն 2009 թ.-ի ինը ամսվա ընթացքում՝ 2008 թ.-ի 6825 հանցագործության դեմ) բացատրում է թաքնված հանցագործությունների հետ կապված ակտիվ աշխատանքով, ինչպես նաև Ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործությունների չարձանագրման արատավոր պրակտիկայի դեմ պայքարում ձեռք բերած հաջողություններով:

Բացի այդ 2009 թ.-ին գրանցված հանցագործությունների ընդհանուր թվից 2585 հանցագործություն կատարվել են նախորդ տարիներին, սակայն բացահայտվել են ոստիկանության ջանքերով և վերցվել են հաշվառման (1305 հանցագործություն՝ 2008 թ.-ին):

Շիրինյանը նաև նշեց, որ քաղաքացիների շրջանում ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացնելու նպատակով մեծ ուշադրություն է հատկացվում հենց կառույցի շարքերում օրինականության պահպանմանը:

Նա նաև տեղեկացրեց, որ 2009 թ.-ի ինը ամիսների ընթացքում 673 ոստիկան ենթարկվել են կարգապահական տույժի, որոնցից 55-ը ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:

Շիրինյանի խոսքերով՝ 33 ոստիկան հեռացվել է աշխատանքից, իջեցվել է հինգի պաշտոնը, ութի՝ կոչումը, իսկ 22 մարդ զգուշացվել է ոչ լիարժեք ծառայողական համապատասխանության մասին:-0-