2009 թ.-ին Հայաստանում ՃՏՊ-ների թիվը կրճատվել է 170-ով. Ճանապարհային ոստիկանություն

04.11.2009, 13:43
2009 թ.-ին Հայաստանում ՃՏՊ-ների թիվը կրճատվել է 170-ով. Ճանապարհային ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2009 թ.-ին Հայաստանում 170-ով հաջողվել է նվազեցնել ՃՏՊ-ների թիվը, ասել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը:

«2009 թ.-ին, 2008-ի համեմատ, հաջողվել է 170-ով նվազեցնել ՃՏՊ-ների թիվը, 67-ով՝ զոհերի, 303-ով՝ վիրավորների թիվը», - ասել է Օհանյանը ՀՀ ոստիկանությանն առընթեր Հանրային խորհրդի նիստի ժամանակ՝ նշելով, որ 2008 թ.-ին ՃՏՊ-ի հետևանքով 407 մարդ է զոհվել:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2008 թ.-ին Հայաստանում գրանցվել է 2202 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը 13,3 տոկոսով ավելի է 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Այս կապակցությամբ նա կոչ է արել Խորհրդի անդամներին՝ միասին պայքարել այդ ցուցանիշների հետագա նվազման համար:

«Ես շատ լավ հասկանում եմ, որ մենք դեռ շատ բան ունենք անելու, և պատրաստ եմ բոլորի հետ միասին պայքարել այս ցուցանիշների նվազման համար», - հայտարարել է նա:

Օհանյանը ընդգծել է, որ միայն ոստիկանության ուժերով անհնար է այդ հարցում հաջողության հասնել:

Նա նշել է դպրոցներում ճանապարհային անվտանգության դասաժամերի ներմուծման անհրաժեշտությունը՝ նշելով, որ նման դասաժամեր անցկացվում են եվրոպական երկրներում, ինչպես նաև անցկացվել են դպրոցներում խորհրդարային տարիներին:

Օհանյանը նաև անդրադարձել է ճանապարհային ոստիկանության շարքերում կոռուպցիայի դեմ պայքարի թեմային: Նա տեղեկացրել է, որ այդ նպատակով այժմ աշխատակիցների աշխատավարձը զգալիորեն բարձրացել է և կազմում է շուրջ 220-250 հազար դրամ (580-650 դոլար):

Բացի այդ նրա խոսքերով՝ կոռուպցիոն ռիսկերի հետագա նվազման նպատակով ծրագրվում է հաջորդ տարի Երևանի փողոցներում տեղադրել ավտոմեքենաների երթևեկության արագությունը սահմանող ռադարներ, ինչպես նաև խախտողների մեքենաները լուսանկարող սարքեր:

ՀՀ ոստիկանությանն առընթեր Հանրային խորհրդի նախագահ Ֆելիքս Բախչինյանն իր հերթին նշել է, որ ճանապարհային ոստիկանությունը, չնայած հասարակության շրջանում իր հասցեին հնչած քննադատությանը, շատ բան է արել՝ իր աշխատանքը բարելավելու համար:

ՀՀ ոստիկանությանն առընթեր Հանրային խորհրդի նիստի մեկնարկից առաջ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը խորհրդի անդամ Տարիել Բարսեղյանին 70-ամյակի կապակցությամբ հանձնել է «Համագործակցության համար» գերատեսչական մեդալը:-0-