Հայաստանը խոզի գրիպի պատվաստանյութը կստանա 2010 թ. հունվարին

04.11.2009, 12:06
Հայաստանը խոզի գրիպի պատվաստանյութը կստանա 2010 թ. հունվարին
Հայաստանը խոզի գրիպի պատվաստանյութը կստանա 2010 թ. հունվարին

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին խոզի գրիպի պատվաստանյութը կտրամադրի 2010 թ.-ի հունվարին, ասել է ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

«Ավելի վաղ որոշում էր ընդունվել Հայաստանին տրամադրել պատվաստանյութը նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին, սակայան ԱՀԿ-ն փոխել է իր որոշումն ու որոշել է առաջին հերթին տրամադրել պատվաստանյութն այն երկրներին, որտեղ արդեն գրանցվել են A/H1N1 գրիպի դեպքեր», - նախօրեին ասաց նա Հայկական երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ասոյանի խոսքերով՝ այսօրվա դրությամբ շատ քիչ թվով երկրներ ունեն խոզի գրիպի պատվաստանյութ, և Հայաստանը նրանց թվում է:

«Մենք ունենք դեղամիջոցներ, ընդ որում առողջապահության նախարարը որոշում է ընդունել դրանց պաշարների ավելացման մասին: Մենք ունենք «Տամիֆլյու» դեղատեսակի որոշակի քանակություն, և այժմ որոշում է ընդունվել մի քանի անգամ ավելացնել դրա քանակությունը», - պարզաբանել է նա:

Միաժամանակ Ասոյանն ակնհայտ սուտ է համարել խոսակցություններն այն մասին, թե մանկահասակ երեխաներին նախատեսված պատվաստումների հետ միասին ներարկվում է նաև խոզի գրիպի պատվաստանյութը:

ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստը նշել է նաև, որ շատ երկրներում պատվաստանյութը տրամադրվում է պետպատվերի շրջանակներում բնակչության այն անապահով շերտերին, որոնք ի վիճակի չեն ձեռք բերել պատվաստանյութը սեփական միջոցներով, իսկ այլ պետություններում ծախսերի մի մասը հոգում է ապահովագրական համակարգը, իսկ մյուս մասն իր վրա է վերցնում գործատուն:

«Եվ ես կցանկանայի, որպեսզի մեր երկրում կոտրվի կարծրատիպն այն մասին, որ ինֆեկցիոն հիվանդության և զանգվածային իմունայնացման դեպքում դրա մենաշնորհը պատկանում է բացառապես պետությանը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ մենք ունենք բազմաթիվ կազմակերպություններ, որոնց ղեկավարները մեկ անգամ չէ, որ ապացուցել են իրենց հոգատար վերաբերմունքն աշխատակիցների նկատմամբ», - ասել է նա՝ ավելացնելով, որ այդ դեպքում էլ ընկերության ղեկավարներն իրենց աշխատակիցների համար կարող են ձեռք բերել բավականին բարձր որակի պատվաստանյութ:

Այս կապակցությամբ Ասոյանը նշել է, որ ամենաորակյալ պատվաստանյութն արժե 7 եվրո:

«Այսօրվա դրությամբ դեղագործական 34 ընկերություններ արտադրում են պատվաստանյութեր, սակայն ԱՀԿ-ն հավանության է արժանացրել միայն երեք ընկերությունների արտադրանքն ու տվել է նրանց արտոնագրեր», - ասել է նա՝ չնշելով այդ երեք ընկերությունների անունները:

Միաժամանակ նա ավելացրել է, որ Հայաստանին կտրամադրվեն պատվաստանյութեր, որոնց արտադրողն այդ երեք ընկերություններից մեկն է:

Խոզի գրիպի պատվաստանյութի ձեռքբերման հնարավոր տարբերակների թվում Ասոյանը նշել է, որ հնարավոր է, որ դրանք ազատ վաճառվեն դեղատներում՝ սակայն ՀՀ առողջապահության նախարարության վերահսկողությամբ:

«Սակայն պատվաստումը, անխոս, պետք է իրականացվի ամբուլատոր պայմաններում», - եզրափակել է հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ Հայաստանում չկան խոզի գրիպի գրանցված դեպքեր:-0-