Հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտությունը երկու տարբեր խնդիրներ են. ԵՄ

02.11.2009, 16:12
Հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտությունը երկու տարբեր խնդիրներ են. ԵՄ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտությունը երկու տարբեր խնդիրներ են, բայց Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը նոր հնարավորություններ է բացում ղարաբաղյան կարգավորման համար, հայտարարեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին «Վրեմյա նովոստեյ» թերթին տված հարցազրույցում։

«Հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտությունը երկու տարբեր խնդիրներ են, պետք չէ կապել մեկը մյուսին։ Հակառակ դեպքում հեշտ է ընկնել մի իրավիճակի մեջ, երբ կրկին կփակվեն հարաբերությունների բարելավման հնարավորությունները։ Եվ պետք է այնպես անել, որպեսզի դրանք միմյանց վրա հնարավորինս դրական ազդեն»,- ասաց Սեմնեբին։

Միաժամանակ Եվրամիության հատուկ ներկայացուցիչն ընդգծեց, որ նշված հակամարտություններից մեկի մասով իրավիճակի զարգացումն ազդում է ընդհանուր մթնոլորտի վրա։

Ըստ նրա՝ հայ-թուրքական բարելավումը դրական դինամիկա է ստեղծում։

«Այն իրավիճակում, երբ հայկական ղեկավարությունը միաժամանակ բազմաթիվ խնդիրների է բախվում, այդ բարելավումը նրանց համար նոր հնարավորություններ է ստեղծում հետագա ավելի մեծ և բարդ խնդիրների վրա կենտրոնանալու համար»,- նկատեց Սեմնեբին։

Նա համոզմունք հայտնեց, որ հայկական ղեկավարությունը գիտակցում է, որ Ղարաբաղի ստատուս-քվոն հավերժ տևել չի կարող։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

-0-