Հայաստանը մտադիր է շարունակել համագործակցությունն ԱՀԿ-ի հետ

02.11.2009, 14:28
Հայաստանը մտադիր է շարունակել համագործակցությունն ԱՀԿ-ի հետ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ուրբաթ հետագա համագործակցության հարցեր է քննարկել Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Եվրոպական գրասենյակի ներայացուցիչ, «Անվտանգ մայրության» ծրագրի ղեկավար Ալբերտա Բաչչիի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից և Մոլդովայից ժամանած ԱՀԿ փորձագետների հետ:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի առողջապահության նախարարության պաշտոնական կայքից, հանդիպմանը քննարկվել է Հայաստանում մայրական մահացության վերլուծության ԱՀԿ նոր մեթոդաբանության` «Թվերից այն կողմ» ծրագրի ներդրման գործընթացը:

Այս ծրագիրը՝ որպես փորձնական ծրագիր, մեկ տարի առաջ ներդրվել է Հայաստանի երեք ծննդաբերական հիմնարկում` Գյումրիի և Հրազդանի ծննդատներում և Երևանում` Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում, որը հանդիսանում է III-րդ մակարդակի բուժօգնություն տրամադրող հիմնարկ և որդեղ կենտրոնանում են հանրապետության բարդացած հղիության բազմաթիվ դեպքեր:

ԱՀԿ-ն վերջին տարիներին մայրական մահացության իջեցման համար որպես կարևորագույն գործիք ներդնում է նոր մեթոդաբանություն, որը ներառում է մայրական մահերի վերլուծության 2 նոր մոտեցում։Խոսքը տվյալ բուժհիմնարկում

«մահից կախված» կամ «կրիտիկական» դեպքերի ուսումնասիրությունն է, ինչպես նաև «կոնֆիդենցիալ» (գաղտնի) վերլուծությունը` հարազատների, շփվող անձանց, բուժպերսոնալի օժանդակությամբ, որը հնարավորություն կտա վերհանել մահվան իրական պատճառը, ինչը հնարավոր չէ անել մահացության դեպքը դատաբժշկական և իրավաբանական վերլուծման առումով, քանի որ վերջինիս ժամանակ վերլուծումը թույլ չի տալիս բացահայտել մահվան իրական պատճառները և կանխարգելել այն:

Նախարար Քուշկյանը կարևորել է ԱՀԿ-ի հետ երկամյա համագործակցությունը` ուղղված մայրության առողջության բարելավմանն և մայրական մահացության իջեցմանը և շնորհակալություն հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ -0-