Բելառուսը բավականարափ պատասխանատվությամբ է մոտենում ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին, ասաց Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը՝ պատասխանելով ադրբեջանական ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորության մասին հայ լրագրողի հարցին:
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի առջև ստանձնած մեր պարտավորություններին, ապա Բելառուսը միշտ բավականաչափ պատասխանատվությամբ է մոտենում իր պարտավորություններին», - ուրբաթ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարտինովը:
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:
Միաժամանակ Մարտինովը նշեց, որ Բելառուսը հուսով է, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի փոխզիջումային հիմքի վրա՝ միջազգային իրավունքի սզբունքների հիման վրա, երկու երկրների պայմանավորվածությունների համաձայն: Մարտինովը նշեց, որ ոչ այնքան հեռավոր ապագայում Բելառուսը կհյուրընկալի եզրափակիչ կոնֆերանսը:
«Աստված չանի, որ իրադարձությունները նման կերպ զարգանան: Մենք ոչ միայն հույս ունենք, այլև վստահ ենք, որ երբեք դա տեղի չի ունենա, այսինքն՝ հակամարտության զարգացման ռազմական ուղու իմաստով», - ասաց նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-