Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավարը դրական է գնահատում Հայաստանի կողմից Կազմակերպությանը ցուցաբերվող օգնությունը

29.10.2009, 15:54
Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավարը դրական է գնահատում Հայաստանի կողմից Կազմակերպությանը ցուցաբերվող օգնությունը

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ, Organization for Prohibition of Chemical Weapons, OPCW) գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերին (Rogelio Pfirter) գոհունակություն է հայտնել ՔԶԱԿ ջանքերին Հայաստանի աջակցության կապակցությամբ՝ ուղղված Քիմիական զենքի մասին կոնվենցիայի (ՔԶԿ, Chemical Weapons Convention, CWC) համապարփակ կիրառմանը:

Այս մասին նա հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Իր հերթին, Նալբանդյանը դրական գնահատեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործունեությունը և Պֆիրտերի ներդրումը կազմակերպության նպատակների իրականացման գործում:

Նախարարն ընդգծեց, որ ՔԶԱԿ-ի գործունեությունը համահունչ է արդի մարտահրավերներին դիմակայելու միջազգային հանրության ջանքերին, մասնավորապես` զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելու բնագավառում:

Զրուցակիցները հանգամանորեն քննարկեցին Հայաստան-ՔԶԱԿ համագործակցության հետ կապված հարցեր:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` կողմերը համոզմունք հայտնեցին, որ բոլոր երկրների միացումը Կոնվենցիային կարևոր գործոն կհանդիսանա աշխարհում կայունության ու անվտանգության ամրապնդման համար:

1993թ.-ի մարտին Հայաստանը քիմիական զենքի մասին Կոնվենցիա ստորագրեց, որը նախատեսում է քիմիական զենքի վերջնական ոչնչացում:

Հայաստանի տարածքում գտնվում էր խորհրդային ժամանակներից մնացած չափազանց թունավոր ու ագրեսիվ նյութ հանդիսացող «մելանժի» պահեստ, որը վտանգ էր ներկայացնում բնակչության ու շրջակա միջավայրի համար:

ՀՀ ՊՆ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև 2006 թ.-ի մայիսին կնքված համաձայնագրի արդյունքում Լոռու մարզում շահագործման է հանձնվել «մելանժ» հրթիռային վառելիքի բաղադրիչների վերամշակման ձեռնարկությունը: 

Հրթիռային վառելիքի մնացորդները (872 տոննա մելանժ) վերամշակվել են հեղուկ հանքային պարարտանյութի ( գրեթե 5 հազար տոննա) գյուղատնտեսության համար: Ընդ որում, պարարտանյութը բնակչությանը տրամադրվում էր անվճար:     

Նախագծի իրականացումը հնարավոր դարձավ դոնոր-երկրներ ԱՄՆ, Գերմանիայի, Կանադայի, Ֆինլանդիայի 1,4 մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցության շնորհիվ, ինչպես նաև Գերմանիայից, Վրաստանից, Ռուսաստանից ու Հայաստանից փորձագետների համատեղ աշխատանքի շնորհիվ: 2007 թ.-ի սեպտեմբերին այդ ձեռնարկությունը փակվեց: -0-