ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կբարձրացնի Հայաստանի դերը տարածաշրջանում, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։
«Դա Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է Հարավային Կովկասի տարածաշրջանում ձգողականության նոր կենտրոն դառնալու համար, հատկապես Վրաստանի կողմից այդ դերը նախորդ տարվա օգոստոսյան պատերազմում կորցնելուց հետո»,- ասաց փորձագետը։
Նրա խոսքերով` Հայաստանը կարող է կարևոր աշխարհաքաղաքական դիրք զբաղեցնել տարածաշրջանում, քանի որ այստեղ խաչվում են տարբեր երկրների շահերը, և դա կբարձրացնի նրա նշանակությունը։