ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հանդուրժողականությունը մշակութային և կրթական երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում տպագրված «Բարյացակամության կամուրջ» գրքույկի շնորհանդեսը տեղի կունենա չորեքշաբթի Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակից։
Հաղորդագրության համաձայն՝ եռալեզու (հայերեն, թուրքերեն, անգլերեն) գրքույկը տեղեկատվություն է տրամադրում վերոնշված ծրագրի վերաբերյալ, ընդգրկում է ծրագրին մասնակցող Հայաստանի և Թուրքիայի երիտասարդների լավագույն շարադրությունները, ինչպես նաև ներկայացնում է Հայաստանի և Թուրքիայի մշակութային վայրերի մասին տեղեկատվություն և ծրագրի հետ առնչվող այլ նյութեր:
Միջոցառման ընթացքում ծրագրի մասնակիցները կներկայացնեն իրենց գաղափարները տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ:
Ծրագիրն իրականացվել է «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության կողմից «Համայնքի կամավորներ» Թուրքիայի կազմակերպության հետ համագործակցությամբ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Տարածաշրջանային Համագործակցության Սևծովյան հիմնադրամի աջակցությամբ:
Ողջույնի խոսքերով հանդես կգան «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Սարգսյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: -0-