Երևանում բացվել է աշուղ Սայաթ-Նովայի արձանը

16.10.2009, 13:40
Երևանում բացվել է աշուղ Սայաթ-Նովայի արձանը

Երևանում բացվել է աշուղ Սայաթ-Նովայի արձանը, որի հեղինակը ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասքելենյանն է:

Արձանի բացումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ:

Սայաթ-Նովա փողոցում տեղադրված արձանը Թորոս Ռասքելենյանի նվերն է հայրենի քաղաքին:

«Լինելով Սայաթ-Նովայի մեծ երկրպագուն՝ ես աշխարհի տարբեր քաղաքներին նվիրել եմ հռչակավոր աշխուղի 20 մանրաքանդակ», - ասաց քանդակի հեղինակը:

Սայաթ-Նովան (Հարություն Սայադյան, 1712-1795 թթ) հայ պոետ, երաժիշտ, աշուղ, սիրային քնարերգության վարպետ է:

Պոետը բանաստեղծություններ է գրել մի քանի լեզուներով՝ հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն, թուրքերեն և ֆարսի: Սայաթ-Նովայի պոեզիան էական ազդեցություն է ունեցել հայկական, վրացական և ադրբեջանական արվեստի զարգացման վրա:

«Կարող եմ հպարտությամբ նշել, որ այս անգին նվերով Թորոսը վերադարձել է իր հայրենիք՝ Երևան», - քանդակի բացման ժամանակ նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Հայաստանի մայրաքաղաքին արված անգնահատելի նվերի համար շնորհակալություն հայտնելով հայտնի քանդակագործին, նկարչին:

Հակոբյանի խոսքերով՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հետագայում ծրագրվում է Հայաստան տեղափոխել Ռասքելենյանի մի շարք այլ աշխատանքները:

Նշելով հայտնի քանդակագործի ձեռքբերումները՝ Հակոբյանն ընդգծեց, որ ՀՀ նախագահի հրամանով՝ Ռասքելենյանն արժանացել է Մովսես Խորենացու շքանշանի:

«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սա քանդակագործի առաջին, բայց ոչ վերջին նվերն է հայրենի քաղաքին»,- նշեց Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Բեգլարյանը նշեց, որ քանդակի տեղադրման վայրն ընտրվել է Երևանի մշակութային խորհրդի կողմից՝ հաշվի առնելով հեղինակի ցանկությունը, ով ցանկացել է, որ իր քանդակը տեղադրվի հռչակավոր աշուղի անունը կրող փողոցում:

Նա ընդգծեց, որ կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի այսուհետ մայրաքաղաքի փողոցները զարդարեն տարբեր ժամանակների հռչակավոր հայ գործիչների հուշարձաններն ու քանդակները:-0-