2010թ.-ին Հայաստանում առաջին անգամ պատկերապատման փառատոնի շրջանակներում դասընթացներ կանցկացվեն

13.10.2009, 18:16
2010թ.-ին Հայաստանում առաջին անգամ պատկերապատման փառատոնի շրջանակներում դասընթացներ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2010թ.-ի մարտին Հայաստանում առաջին անգամ ֆրանսիացի փորձագետների մասնակցությամբ պատկերապատման փառատոնի շրջանակներում դասընթացներ կանցկացվեն, այս մասին երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին հայտնեց Հայաստանի պատկերապատման և զարգացման ասոցիացիայի հիմնադիր, «Սիջեստ» ֆրանսիական հրատարակչության տնօրեն Վարուժան Սիրապյանը:

«Մեր սաները՝ Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայից, նկարիչներն ու բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են պատկերապատման արվեստով անկախ տարիքից, առաջին անգամ կարող են մասնակցել 2010թ.-ի մարտին նախատեսվող դասընթացներին ֆրանսիացի փորձագետների մասնակցությամբ»,- ասաց Սիրապյանը:  

Նրա խոսքերով, հոկտեմբերի 3-5-ը կազմակերպված Պատկերապատման երկրորդ միջազգային փառատոնն արդեն լայն հետաքրքրություն է առաջացրել Հայաստանի բնակչության տարբեր շերտերի շրջանում, և դրա շրջանակներում ժամանակ առ ժամանակ անցկացվում են պատկերապատման ստեղծման դասընթացներ:

Այս փառատոնի շրջանակներում ներկայացված են պատկերապատման 12 հայ նկարազարդող-վարպետների (Սոնա Աբգարյան, Ագաթա Բադալյան, Հասմիկ Մինասյան, Տիգրան Առաքելյան, Վահրամ Բաղդասարյան, Լևոն Գյուլախայան, Գագիկ Հակոբյան, Ելենա Աղայան, Հասմիկ Աղայան, Ալբերտ Մինասյան, Արթուր Թադևոսյան, Գոռ Ենգոյան) աշխատանքներ:

Սիրապյանի խոսքերով, դասընթացների ընթացքում արված աշխատանքները կներկայացվեն ցուցահանդեսին Պատկերպատման երրորդ միջազգային փառատոնի շրջանակներում, որը տեղի կունենա 2010թ.-ի մարտին:

Պատկերապատման ստեղծման կերպարվեստի ուղղությունը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում:

Մասնավորապես իրենց պրոֆեսիոնալ կարիերան այս ժանրին են նվիրել բազմաթիվ նկարիչներ Ֆրանսիայում (պատկերապատման ֆրանսիական անվանումն է band desine), ԱՄՆ-ում (graphic novel), Իտալիայում (fumetti), Իսպանիայում (tebeos), Պորտուգալիայում (quadringo), Ֆինլանդիայում (sarjakuva), ինչպես նաև Ճապոնիայում (manga), Կորեայում (manwha) և Չինաստանում (manhua).--0--