Հայկական սփյուռքի ակնառու գործիչներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությանը

09.10.2009, 19:12
Հայկական սփյուռքի ակնառու գործիչներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությանը

Հայկական սփյուռքի ակնառու գործիչներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությանը հայ-թուրքական հարաբերությունների հարցում։

«Հայաստանի նախագահի կողմից անցած տարվա սեպտեմբերին նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի համար հնարավորությունների դուռ բացեց: Այն արժանացավ ողջ միջազգային հանրության ուշադրությանն ու աջակցությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ այս գործընթացը չի նշանակում, որ պետք է մոռանալ անցյալը և հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստն ու դրա ճանաչման կարևորությունը:

«Առաջնորդվելով հայրենիքի և գալիք սերունդների ապագայի առջև բարձր պատասխանատվության զգացումով` Հայաստանի ղեկավարությունն այսօր գործում է իմաստորեն և խիզախությամբ` հանուն առանց նախապայմանների երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման և սահմանների բացման»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությանը` Հայաստանի և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին հորդորելով բոլոր հնարավոր միջոցներով աջակցել այս գործընթացին»,- ասվում է փաստաթղթում:

Հայտարարության տակ ստորագրել են Շառլ Ազնավուրը, Արթուր Չիլինգարովը, Էդուարդո Էռնեկյանը, Հրայր Հովնանյանը, Ժան Ժանսեմը, Արմեն Ջիգարխանյանը, Վաչե Մանուկյանը, Պերճ Սեդրակյանը, Սերժ Չուրուկը, Ալեն Թերզյանը, Ռուբեն Վարդանյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։  Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ գործընկերոջ Թուրքիա ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար: –0—