ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանիան կարևորում է Հայաստանի հետ մշակութային կապերի զարգացումը, ուրբաթ ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ԳԴՀ փոխդեսպան Մելանի Մոլտմանը։
«Մենք գոհ ենք Հայաստանի հետ մշակութային համագործակցության զարգացման տեմպերից։ Միայն այս տարի գերմանական մշակույթի շաբաթվա շրջանակներում անցկացվեց արդեն շուրջ 40 միջոցառում, և մինչև տարեվերջ սպասվում են ևս մի քանիսը»,- ասաց փոխդեսպանը։
Նրա խոսքերով, մյուս տարվա համար ևս շատ ծրագրեր կան։
«Գերմանական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության շարունակմամբ ու ընդլայնմամբ»,- հայտարարեց Մոլտմանը։
Իր հերթին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ Հայաստանը պատրաստվում է Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի ունենալիք գրքային տոնավաճառին, որին կմանակցեն արդեն 5-րդ տարին։
«Հաջորդ տարի ծրագրվում է հայ-գերմանական համագործակցությունը կադրերի վերապատրաստման, մշակութային ժառանգության պահպանման բնագավառում։ Համագործակցությունը դրական բնույթ կկրի»,- ասաց նախարարը։ -0-