ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն հանդիպել Քիշնևում

02.10.2009, 19:48
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն հանդիպել Քիշնևում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն հանդիպել Քիշնևում

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն հոկտեմբերի 8-ին հանդիպել Քիշնևում:

«Մենք հույս ունենք, որ Բաքվում, ինչպես և Երևանում կընդունվի հոկտեմբերի 8-ին՝ Քիշնևում ԱՊՀ ղեկավարների վեհաժողովի նախօրեին, երկու երկրների նախագահների հերթական հանդիպումը անցկացնելու մեր առաջարկը»,- ասել է Ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը:   

Նա նշել է, որ սովորականի նման Ստեփանակերտի ղեկավարության հետ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը:  

«Քանի որ վերջին անգամ մենք այստեղ եղել ենք ընթացիկ տարվա մարտին, մեզ մոտ խոսակցության շատ թեմաներ են կուտակվել: Մասնավորապես, այս ընթացքում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում կայացել են ՀՀ և Ադրբեջանի նախագահների երեք կարևոր հանդիպումներ, գործընթացի դինամիկան դրական է եղել, այն պահպանվում է»,- ասել է Մերզլյակովը: 

Նրա խոսքերով, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը միջնորդներին պատմել է այն մասին, թե ինչպես է այս ընթացքում զարգացել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև թե ինչպես են ընթանում տնտեսական ու սոցիալական ծրագրերը:    

«Սա շատ հետաքրքիր էր, և մենք պատրաստվում ենք շարունակել զրույցը այսօր երեկոյան: Մենք հույս ունենք, որ վաղը օրվա երկրորդ կեսին կվերադառնանք Երևան, հետո՝ հոկտեմբերի 4-ին, կմեկնենք Բաքու և այնտեղ հանդիպումից հետո, եթե հանդիպում անցկացնելու առաջարկն ընդունվի, մենք կմեկնենք Քիշնև՝ անցկացնելու երկու նախագահների հանդիպումը»,- ասել է ռուս համանախագահը:

Խոսելով Ղարաբաղը բանակցային գործընթացին միացնելու մասին՝ Մերզլյակովը նշել է, որ համանախագահները միշտ կարծել են, որ անպայման կգա այն պահը, երբ Ղարաբաղը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: 

«Իմ կարծիքով, եթե դա ավելի վաղ տեղի չունենա, ապա տեղի կունենա այն ժամանակ, երբ համաձայնագիր կմշակվի, այսպես կոչված, մադրիդյան առաջարկների հիման վրա»,- ասել է նա:

«Սա համաձայնագիր կլինի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին, և, իհարկե, այնտեղ, որտեղ խոսքը ԼՂՀ բնակչության ու կարգավիճակի մասին է, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը պարտադիր կլինի»,- ընդգծել է Մերզլյակովը:

Ընդ որում նա ասել է, թե որ կետերն են արդեն համաձայնեցված՝ նշելով, որ բանակցային գործընթացը դեռ ընթանում է, այն ավարտված չէ: «Քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, այդ մասին խոսելը վաղ է: Շատ բան չի մնացել»,- նշել է Մերզլյակովը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին նրան, որ վերացավ հսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հարակից յոթ շրջանում:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ կնքված եռակողմ համաձայնագրից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ մահացավ շուրջ 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնն ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվայանից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնց համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-