«ՌԻԱ Նովոստիի» և ՌՀՄ-ի համատեղ համաժողովը հայ-ռուսական հումանիտար համագործակցության լավ օրինակ է. ՀՀ ԱԳ նախարար

02.10.2009, 14:41
«ՌԻԱ Նովոստիի» և ՌՀՄ-ի համատեղ համաժողովը հայ-ռուսական հումանիտար համագործակցության լավ օրինակ է. ՀՀ ԱԳ նախարար
«ՌԻԱ Նովոստիի» և ՌՀՄ-ի համատեղ համաժողովը հայ-ռուսական հումանիտար համագործակցության լավ օրինակ է. ՀՀ ԱԳ նախարար

«Անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ժողովուրդների շահերի իրացումը» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը, որը կազմակերպել են Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը և «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ռուս-հայկական հումանիտար համագործակցության լավ օրինակ է, ասվում է Երևանում մեկնարկած համաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնի խոսքում:

ՀՀ ԱԳ նախարարը վստահություն հայտնեց, որ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ կարծիքների փոխանակման շրջանակներում արդեն ավանդույթ դարձած համաժողովի մասնակիցները կքննարկեն ժամանակակից պայմաններում Կովկասի աշխարհաքաղաքական կայունության ամրապնդման ուղիները:

«Չեմ կասկածում, որ տարածաշրջանի ժողովուրդների համար մեծ նշանակություն ունեցող և արդիական թեմայով համաժողովը կանցնի բարձր գիտական մակարդակում, իսկ դրա արդյունքներն ու խորհուրդներն օգտակար կլինեն այն մարդականց համար, ովքեր որոշումներ են ընդունում արտաքին քաղաքականության ոլորտում», - նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

«ՌԻԱ Նովոստիի» և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի «Անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ժողովուրդների շահերի իրացումը» թեմայով միջազգային գիտապրակտիկ համաժողովը թվով չորրորդ ամենամյա միջազգային համաժողովն է, որը կազմակերպում է «ՌԻԱ Նովոստին»՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի լրագրողական և փորձագիտական հանրության ներկայացուցիչների, ինչպես նաև հայտնի ռուս գիտնականների, տնտեսագետների, քաղաքագետների, առաջատար բուհերի, տպագիր և էլեկտրոնային հրատարակությունների ղեկավարների մասնակությամբ:

 Համաժողովի մասնակիցները մտադիր են կովկասյան պետությունների լայն լսարանին ներկայացնել տարածաշրջանում Ռուսաստանի դերի, Կովկասում կայունության ձեռքբերման հարցում նրա շահագրգռվածության մասին առավել ընդարձակ և հավաստի տեղեկատվություն:

Այս տարի համաժողովի անցկացումը նվիրված է ՌՀՄ-ի 10-ամյակին: Բուհի զարգացման, նրա կրթական նշանակության ամրապնդման գործում «ՌԻԱ Նովոստիի» ներդրումը կլինեն ապագա լրագրողների և քաղաքագետների համար կազմակերպվելիք վարպետության դասընթացները, որոնք կանցկացնեն հանրաճանաչ ռուսական հրատարակությունների գլխավոր խմբագրերն ու Ռուսաստանի միջազգային քաղաքականության մասնագետները:-0-