ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ քննարկել է համագործակցության հարցեր, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն, նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ու հիմնադրամների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը հաջողությամբ ընթանում են ու կարևորեց 2010-2015թթ. ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի ստորագրումը և արդյունավետ իրագործումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց ՄԱԿ-ի օրակարգային հարցերին և կազմակերպության բարեփոխման խնդիրներին, Հազարամյակի նպատակների իրականացման ընթացքին, 2010թ. ՄԱԿ-ի անդամ երկրների գագաթաժողովի կազմակերպմանը, ինչպես նաև` ՀՀ կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի միջև համագործակցությանը:
Բան Կի-մունի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր աջակցությունը հայտնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի քայլերին: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը:
Նույն օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը ՀՀ անունից ստորագրեց Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային կոնվենցիայի Կամընտիր արձանագրությունը և Ապրանքների ամբողջովին կամ մասամբ ծովով տեղափոխման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: -0-