Հայաստանն ու սփյուռքը պետք է վերաիմաստավորեն համագործակցությունը, կարծում է ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:
«Պետությունն ու սփյուռքը պետք է համազգային առաջնահերթությունների նախընտրության մակարդակում համերաշխություն ձևավորելու հարցը վերաիմաստավորող համազգային կառույց ստեղծեն»,- կարծում է Քոթանջյանը:
«Բազմազան այլ սփյուռքերը, այդ թվում, հրեականը, հնդկականը, իռլանդականը կամ թուրքականը, փորձում են խորհրդի կամ հանձնաժողովի ձևաչափում կազմակերպությունների կազմակերպություն ստեղծել, որը իրենց ներսում առկա տարբերությունները համազգային մակարդակում վերաիմաստավորման համերաշխության կհանգեցնի»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա ՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:
Քոթանջյանի խոսքերով, պարզ է, որ սփյուռքահայերն իրենց ազգային յուրօրինակությունը վերարտադրում են Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ, ինչը շատ կարևոր է, քանի որ հենց այդ գործոնն է թույլ տալիս համախմբել հայկական համայնքներն ու դրա հիման վրա նոր գործունեության ձևեր ձևավորել:
«Սակայն անհրաժեշտ է, հնարավորին չափ պահպանելով Ցեղասպանության գործոնի դերը, տեղն ու ձևաչափը, դրա հիման վրա ձևավորել ռազմավարական ձևաչափի մեխանիզմ, որին կից սփյուռքի կազմակերպությունները կկարողանան բարձր մակարդակում ազգային համերաշխություն ձևավորել, որին կմասնակցի նաև Հայաստանը»,- պարզաբանեց նա:
Այս առնչությամբ փորձագետը նշեց, որ որպես նման կառույցի մոդել սփյուռքում կարելի է օգտագործել ՀՀ նախագահի և հանրապետության քաղաքական կուսակցությունների առաջնորդների ժամանակ առ ժամանակ կազմակերպվող հանդիպումները:
Քոթանջյանը նշեց նաև, որ Հայաստանի և սփյուռքի համար երաշխիք պետք է դառնա համագործակցության հստակ ու խորը վերաիմաստավորումը:
«Դա անհրաժեշտ է, որպեսզի մենք ավելի լավ կարողանանք միմյանց հենվել, հասկանալ համազգային ներուժի խորությունը, չափն ու ճկունությունը, ինչպես նաև՝ դրանց ճիշտ կազմակերպչական ձևակերպումը»,- ասաց նա:-0-