ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կներկայացնեն Մադրիդյան սկզբունքների լրացված տարբերակը. ԶԼՄ

29.09.2009, 17:38
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կներկայացնեն Մադրիդյան սկզբունքների լրացված տարբերակը. ԶԼՄ

Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահները հոկտեմբերի սկզբին տարածաշրջան նախատեսվող այցի ընթացքում Լեռնային ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտության կողմերին կներկայացնեն հիմնահարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքների լրացված տարբերակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովին:  

«Մադրիդյան սկզբունքներն արդեն լրացված են, մենք այդ աշխատանքը կատարել ենք Կրակովում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման ժամանակ հուլիսի վերջին»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջիկա այցի ընթացքում տարածաշրջան համանախագահները հակամարտության կողմերին կներկայացնեն նորացված տարբերակը:

ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան սպասվում է հոկտեմբերի 1-ին, երբ նրանք ժամանեն Երևան: Հայկական մայրաքաղաքից հետո միջնորդները կայցելեն նաև Ստեփանակերտ ու Բաքու:

Այցի հիմնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը նախապատրաստելն է, որը ծրագրվում է անցկացնել հոկտեմբերին Քիշնևում կայանալիք ԱՊՀ վեհաժողովի շրջանակներում:  

Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին նախօրեին հանդես են եկել հայտարարությամբ, որում Հայտարարության մեջ նախագահները հանձնարարում են իրենց միջնորդներին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի 29-ի մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների հիմնական սկզբունքների ձևակերպումների վերաբերյալ վերջին առաջարկությունները:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին վերացնել իրենց միջև առկա որոշ տարաձայնությունները և ավարտել այդ հիմնական սկզբունքների համաձայնեցումը, որը կկազմի կարգավորման համապարփակ ծրագիրը»,- ասվում է Աքվիլայում ընդունված փաստաթղթում: --0--