Վաշինգտոնը բարձր է գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը

29.09.2009, 10:59
Վաշինգտոնը բարձր է գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բարձր է գնահատում պաշտոնական Երևանի ջանքերը՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում:

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-