ՆԱՏՕ-ի հատուկ կոմիտեի նիստը կանցկացվի Երևանում

25.09.2009, 16:02
ՆԱՏՕ-ի հատուկ կոմիտեի նիստը կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 28-30-ը Երևանում կանցկացվի ՆԱՏՕ-ի հատուկ կոմիտեի նիստը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:  

«Առաջիկա նիստը նվիրված է ահաբեկչության, ծայրահեղականության, անօրինական գաղթի և դրա հետ կապված կազմակերպված հանցավորությանն առնչվող խնդիրներին, ինչպես նաև արտաքին կապերի կառավարման և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նիստին ՆԱՏՕ-ի անդամ 21 երկրից կժամանի 32 ներկայացուցիչ: Նիստը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի հատուկ կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից:

Նիստի աշխատանքներին հրավիրված են ՊՆ, Ոստիկանության, ԱԳՆ, ԱԻՎ և ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ: -0-