«Ժառանգություն» հայկական կուսակցությունն իր շարքերից հեռացրել է վարչության երեք անդամների, այդ թվում նաև մեկ պատգամավորի

10.09.2009, 13:50
«Ժառանգություն» հայկական կուսակցությունն իր շարքերից հեռացրել է վարչության երեք անդամների, այդ թվում նաև մեկ պատգամավորի

«Ժառանգություն» հայկական ընդդիմադիր կուսակցությունն իր շարքերից հեռացրել է վարչության երեք անդամների, այդ թվում նաև պատգամավոր Վարդան Խաչատրյանին և կուսակցության երեք շարքային անդամների, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:

Կուսակցության վարչության որոշմամբ՝ կուսակցության շարքերից հեռացվել է վարչության նախկին նախագահ Վարդան Խաչատրյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանն ու տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը:

«Այս անձինք հեռացվել են կուսակցությունից՝ կուսակցության անդամին անվայել գործողությունների և կանոնադրության դրույթների խախտման համար», - ասաց Խուրշուդյանը:

Որոշ տվյալների համաձայն՝ Արիստակեսյանը կարող էր տեղ զբաղեցնել խորհրդարանում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից օրերս պատգմավորական մանդատից հրաժարվելուց հետո:

Միաժամանակ Խուրշուդյանը նշեց, որ դեռևս հայտնի չէ, թե ինչպես կլուծվի Վարդան Խաչատրյանի պատգամավորական մանդատի հարցը: «Մենք դեռևս չենք մեկնաբանում այդ հարցը, որոշ ժամանակ անց այն կլուծվի», - ասաց նա:

«Ժառանգություն» հայկական ընդդիմադիր կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 7-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից: Կուսակցությունում նրա որոշումը բացատրում են անձնական պատճառներով, որոնք կապված են երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, սակայն Հովհաննիսյանն այդ կապակցությամբ դեռևս հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ:-0-