ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը մտադիր է առաջատար դառնալ տարածաշրջանում

04.09.2009, 17:10
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը մտադիր է առաջատար դառնալ տարածաշրջանում
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը մտադիր է առաջատար դառնալ տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը լրջորեն նպատակադրված է տարածաշրջանում ամենաբարձրակարգ ու տեխնիկապես սպառազինված կենտրոնը դառնալ, ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ շնորհակալագրեր հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ: 

Շահգելդյանը նշել է ԱԻՆ աշխատակիցների որակավորման բարձրացման ու տեխնիկական սպառազինման կատարելագործման անհրաժեշտությունը:

«Անգամ ամենաժամանակակից ու կատարելագործված տեխնիկայի առկայության դեպքում, առանց որոշակի հմտությունների ու գիտելիքների դրա կիրառումն անհնարին է»,- նշեց նախարարը:   

Այս առնչությամբ նախարարը դրական գնահատեց Փրկարար ծառայության աշխատակիցների՝ այս տարի բարեհաջող իրականացված և ապագայում ծրագրվող վերապատրաստումն ու որակավորման բարձրացումը:

Սրա կողքին նախարարը նշեց, որ ԱԻՆ Փրկարար ծառայության տեխնիկական սպառազինման կատարելագործման նպատակով պետական աջակցությանը հավասար ակտիվ համագործակցություն է տարվում արտասահմանյան երկրների ու միջազգային կառույցների հետ:

«Այսօր խոշորամասշտաբ աշխատանքներ են տարվում, մասնավորապես միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ, և կան զարգացման լուրջ հեռանկարներ»,- ասաց Շահգելդյանը:  

Նախարարը նշեց նաև արտակարգ իրավիճակների պայմաններում բնակչության իրազեկման մակարդակի բարձրացման կարևորությունը:

«Բնակչության հոգեբանական ու գիտակցական պատրաստվածությունը ԱԻՆ աշխատանքի առաջնահերթություններից է»,- ընդգծեց նա:

Շնորհավորելով ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցներին՝ նախարարը միաժամանակ հույս հայտնեց, որ «մեր հայրենակիցների կյանքում չափազանց հազվադեպ լինեն փրկարարների հմտությունների ու պատրաստվածության կիրառման անհրաժեշտության դեպքերը»:

Պրոֆեսիոնալ տոնի կապակցությամբ Շահգելդյանը շնորհակալագրեր հանձնեց ԱԻՆ Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցների: -0-