Եվրոպայի երկրների ընտրությունների կազմակերպիչների ընկերակցության խորհրդաժողովը բացվել է Երևանում

03.09.2009, 14:25
Եվրոպայի երկրների ընտրությունների կազմակերպիչների ընկերակցության խորհրդաժողովը բացվել է Երևանում

Եվրոպայի երկրների ընտրությունների կազմակերպիչների ընկերակցության ամենամյա 18-րդ խորհրդաժողովը հինգշաբթի բացվել է Երևանում:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողողի նախագահ Գարեգին Ազարյանի խոսքերով, խորհրդաժողովի հիմնական նպատակը խորհրդաժողովի մասնակից-երկրների միջև փորձի փոխանակումն է:

«Խորհրդաժողովի հիմնական թեման է «Ընտրական իրավունքների դատական պաշտպանությունը», ինչը շատ հրատապ թեմա է», - ասաց Ազարյանը լրագրողներին:

Ասոցիացիայի գլխավոր քարտուղարն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանը կարևոր քայլեր է ձեռնարկում հանրապետությունում ժողովրդավարության կայացման ուղղությամբ:

«Այն, որ այս տարի խորհրդաժողովն անցկացվում է Երևանում, խոսում է այն մասին, որ Հայաստանը լուրջ հայտ է ներկայացնում որպես ժողովրդավարական պետություն կայանալու համար», - ընդգծեց կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Նա նաև տեղեկացրեց, որ Ասոցիացիան ընտրական համակարգի մասնագետների վերապատրաստման դասընթացներ է անցկացնում և միշտ ուրախ է կիսել լավագույն փորձը:

«Մենք ոչ կառավարական կազմակերպություն ենք, և մեր գործառույթների մեջ չի մտնում երկրների ղեկավարություններին խորհրդատվություններ տրամադրելը, սակայն այն դեպքում, եթե պետության պետական մարմինները դիմեն մեզ օգնության խնդրանքով, ապա մենք միշտ պատրաստ ենք օգնել», - ավելացրեց Թոթը:

Եռօրյա խորհրդաժողովին մասնակցում են 30 երկրի և 10 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ: Խորհրդաժողովի շրջանակներում բացվել է տեխնիկական միջոցների ցուցահանդես, որոնք զարգացած երկրներում օգտագործվում են ընտրական գործընթացների ժամանակ:

Ամեն տարի խորհրդաժողովն անցկացվում է ասոցիացիայի անդամ-երկրներից մեկում, և այդ երկիրը մեկ տարվա ընթացքում նախագահում է Ասոցիացիայում: Խորհրդաժողովը ֆինանսավորում են ՀՀ ԿԸՀ-ն ու Ասոցիացիան՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Եվրոպայի երկրների ընտրությունների կազմակերպիչների ասոցիացիան հիմնադրվել է 1991թ.-ին: Ասոցիացիայի քարտուղարությունը գտնվում է Բուդապեշտում: Ասոցիացիայի անդամներն են Ալբանիան, Ադրբեջանը, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Խորվաթիան, Հայաստանը, Հունգարիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Մակեդոնիան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Սերբիան, Սլովակիան, Վրաստանն ու Ուկրաինան:-0-