Սեպտեմբերի 5-ին Հայաստանում կբացվի «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային տիկնիկային չորրորդ փառատոնը

02.09.2009, 14:23
Սեպտեմբերի 5-ին Հայաստանում կբացվի «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային տիկնիկային չորրորդ փառատոնը
Սեպտեմբերի 5-ին Հայաստանում կբացվի «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային տիկնիկային չորրորդ փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կկայանա «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային տիկնիկային չորրորդ փառատոնը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց փառատոնի գեղարվեստական ղեկավար, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային ընկերակցության UNIMA-Armenia հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը:

Փառատոնը կանցկացվի Լոռու մարզի Դսեղ գյուղում՝ 20-րդ դարի հայ մեծ բանաստեղծ, գրող ու հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդավայրում:  

UNIMA-Armenia-ի ղեկավարը նշեց, որ փառատոն անցկացնելու գաղափարը ծագել է տիկնիկային ժանրի ակտիվացման ու զարգացման և երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակության մակարդակի բարձրացման նպատակով:
 
«Փառատոն անցկացնելու հաշվին վերածնվում են հին հայկական տիկնիկային թատրոնները, հայտնվում են նոր թատերական խմբեր, ինչը փառատոնի կարևոր նվաճումն է, ավանդույթների վերածնունդն ու ճանաչումն աշխարհում»,- ասաց Սաֆարյանը: 

Ինչպես նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավարը, տոնակատարությունները կսկսվեն Թումանյանի տուն-թանգարանի մոտ, որտեղ կանցկացվեն միջոցառումներ, այդ թվում տեղացի տիկնիկագործների աշխատանքների ցուցահանդեսը, թատերական ներկայացումներ հենց հրապարակում, իսկ փառատոնի առաջին օրը կավարտվի շքեղ հրավառությամբ:

Նրա խոսքերով, այնուհետև փառատոնն արդեն կշարունակվի տարբեր թատրոնների և սիրողական խմբերի ներկայացումների տեսքով, որոնք կներկայացնեն իրենց բեմադրությունները, ծրագրվում է էքսկուրսիաների, վարպետության դասերի անցկացում, որոնք կանցկացնեն արտասահմանցի և տեղացի մասնագետները, ինչպես նաև ֆիլմերի ցուցադրություն: Մասնավորապես, կցուցադրվի «Դավթյանների տունը» ֆիլմը, որը նվիրված է Վրաստանի հայ հանրահայտ տիկնիկագործ Դավիթ Դավթյանին:

«Մենք իսկական տոն ենք պատրաստում երեխաների համար, իսկ փառատոնի բացումը առանձնահատուկ կլինի ինչպես փառատոնի հյուրերի, այնպես էլ մասնակիցների համար: Մեր նպատակը բարություն գործելն է, և մենք վստահ ենք, որ կյանքը շարունակվում է անկախ աշխարհում տիրող ճգնաժամից»,- ասաց Սաֆարյանը: 

Նրա խոսքերով, սպասվում է, որ փառատոնի օրերին Դսեղ կայցելեն մոտակա 16 գյուղից, ինչպես նաև Վանաձոր, Ալավերդի քաղաքներից, Շիրակ, Տաշիր և այլ մերձակա մարզերից եկած երեխաներ, ովքեր ողջ տարվա ընթացքում անհամբեր սպասել են այս տոնին:

Գեղարվեստական ղեկավարը հայտնեց նաև, որ «Թումանյանական հեքիաթի օրվա» մասնակիցներ կդառնան 20 խմբեր Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ջավախքից, ինչպես նաև Սլովենիայից, Լիտվայից, Հունգարիայից և Վրաստանից, որոնք կներկայացնեն ոչ միայն Թումանյանի հեքիաթները, այլև այլ հայ ու արտասահմանցի հեղինակների գործեր, այդ թվում՝ Վարդան Այգեկցի, Աթաբեկ Խնկոյան, Հանս Քրիստիան Անդերսեն, Շառլ Պերրո: Մասնակցության են հրավիրված նաև 4 սիրողական խմբեր, որոնք հանդես կգան փառատոնի ծրագրից դուրս:   

Այս տարի փառատոնի մասնակիցներին կդիմավորեն երկու ժամանակակից հայկական հեքիաթների հերոսները՝ Դիլի /անունը Դիլիջան քաղաքից/ արջուկը և դինոզավրիկ Նեսին:

«Թումանյանական հեքիաթի օրը» չորրորդ փառատոնի կազմակերպիչն է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային ընկերակցության UNIMA-Armenia հայկական կենտրոնը՝ Բաց հասարակության ինստիտուտի, ՀՀ Մշակույթի նախարարության, նախագահի աշխատակազմի, Երևանի Կենտրոն համայնքի ավագանու, ինչպես նաև Լոռու մարզի ղեկավարության աջակցությամբ:

2009 թ.-ին փառատոնի հովանավորների թվում են հայկական բջջային օպերատոր VivaCell-MTS-ը, «Գրանդ Քենդի» ընկերությունը, «Զիգզագը», «Կիլիկիան», «Յունիպլաստը», «Ավստրիական ավիաուղիները», «Արմավիա» ավիաընկերությունը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը: -0-