«Կենգուրու-2009» միջազգային մրցույթի երեք հայ հաղթողները երկուշաբթի մեկ միլիոն դրամ (2,7 հազար ԱՄՆ դոլար) ընդհանուր արժողությամբ «ՎՏԲ-Մանկություն» դեպոզիտային պայմանագրերի արժանացան։
«Արդյունքները ցնցեցին մեզ, և ես շատ ուրախ եմ, որ մենք կարող ենք պահպանել լավ սկիզբը»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը։
Մրցույթի բացարձակ հաղթողը՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ութերորդ դասարանի աշակերտուհի Էռնա Պետրոսյանը, ստացավ «ՎՏԲ-Մանկություն» դեպոզիտային պայմանագիր 500 հազար դրամի (մոտ 1,3 հազար ԱՄՆ դոլար) չափով ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից երեք տարի ժամկետով։ Մրցույթի հաղթող ճանաչված տասներորդցիներ Հայկ Թեփանյանն ու Արմինե Հովհաննիսյանը Երևանից նույնպես ստացան «ՎՏԲ-Մանկություն» դեպոզիտային պայմանագրեր՝ 250 հազար դրամի (664-ական ԱՄՆ դոլար) չափով ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից մեկ տարի ժամկետով։
Օվսյաննիկովը մաղթեց, որպեսզի Հայաստանում անցկացվող մրցույթը հետագայում ավելի մասշտաբային դառնա։
«Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած «Կենգուրու» մրցույթին Հայաստանում մասնակցեց 3-11 դասարանների 30567 աշակերտ հանրապետության 570 դպրոցից։ Մրցույթի գլխավոր հովանավորն էր ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ-ը։
Օգտվելով առիթից՝ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ տնօրինության նախագահը շնորհավորեց բոլոր աշակերտներին և ուսանողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և հետագա հաջողություններ մաղթեց հաղթողներին։
Իր հերթին, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանն ասաց, որ «Կենգուրու-2009» մրցույթի հայ մասնակիցների արդյունքները «շատ ոգեշնչող ու անսպասելի էին բոլորի համար»։
«Նմանատիպ զանգվածային միջազգային մրցույթ պաշտոնապես Հայաստանում առաջին անգամ էր անցկացվում, և ավելի քան 30 հազար հայ երեխաների մասնակցությունը հաստատեց, թե որքանով է նրանց համար կարևոր կրթությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ երբ նման կրթական նախաձեռնություններին միանում են գործարարները, դա նույնպես շատ ոգեշնչող է։
«Անակնկալների» թվում Սահակյանը նշեց նաև գլխավոր գործընկերոջ՝ ՎՏԲ Հայաստան բանկի կողմից երեք հաղթողներին ավիատոմսերի տրամադրումը դեպի Ռումինիա՝ ամառային ճամբարում հանգստանալու, ինչպես նաև այն, որ իրենք դարձել են բանկի «ՎՏԲ-Մանկություն» նոր ավանդի առաջին ավանդատուները։
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթն անցկացվել է 2009 թվականի մարտի 19-ին, որին մասնակցել է շուրջ 5 մլն դպրոցական աշխարհի ավելի քան 50 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ռումնինիայում, Վրաստանում, Բուլղարիայում, Ղազախստանում և Իսպանիայում։ Ըստ մասնակցության գործակցի, Հայաստանում կայացած մրցույթը ճանաչվել է երկրորդը Եվրոպայում։
Առաջին անգամ «Կենգուրու» մրցույթը կազմակերպվել է 1991 թվականին Փարիզում, իսկ 1994 թվականից այն ստացել է միջազգային մրցույթի կարգավիճակ։ -0-