Հայաստանում սեպտեմբերի մեկից անվտանգ երթևեկության տասնօրյակ է մեկնարկում

31.08.2009, 13:52
Հայաստանում սեպտեմբերի մեկից անվտանգ երթևեկության տասնօրյակ է մեկնարկում
Հայաստանում սեպտեմբերի մեկից անվտանգ երթևեկության տասնօրյակ է մեկնարկում

Ուսումնական տարեսկզբի կապակցությամբ Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը սեպտեմբերի 1-10-ը անվտանգ երթևեկության տասնօրյակ է հայտարարել, հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։ Նա ավելացրեց, որ միջոցառումը կանցկացվի «Զգուշացեք, երեխաներ են» կարգախոսով։

«Արդեն ավանդություն է դարձել յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 1-10-ը երթևեկության անվտանգություն ապահովել հանրապետության բոլոր կրթական հաստատությունների մերձակայքում և կազմակերպել այնպիսի ծառայություն, որպեսզի նվազագույնի հասցվի ՃՏՊ-ների թիվը»,- երկուշաբթի լրագրողներին հայտնեց Օհանյանը։
 
Նա նշեց, որ համաձայն Ոստիկանապետի հրամանի, սեպտեմբերի 1-ից 10-ը Ճանապարհային ոստիկանությունը կանցնի ուժեղացված պարեկության ճանապարհներին անխափան և անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով։

Օհանյանի ներկայացրած վիճակագրական տվյալներով, նախորդ տարի սեպտեմբերի 1-10-ը արձանագրվել է չորս ՃՏՊ (2007 թվականին արձանագրված 67 պատահարի դիմաց), որոնց հետևանքով զոհեր չեն եղել։ «Սակայն այդ պատահարներից ոչ մեկն էլ չի արձանագրվել դպրոցների կամ բուհերի մերձակայքում»,- ընդգծեց Ճանապարհային ոստիկանության պետը։ --0-