Հայոց Ցեղասպանության զոհերի սերունդների փոխհատուցումները վճարելու Կալիֆորնիայի օրենքը ոչ սահմանադրական ճանաչելու մասին ԱՄՆ դաշնային դատարանի որոշման ետևում, հնարավոր է, որ կանգնած է թուրքական լոբբին, կարծում է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
ԱՄՆ Դաշնային դատարանն անցյալ շաբաթ ոչ սահմանադրական է ճանաչել 2000 թ.-ին Կալիֆոռնիայում ընդունված օրենքը, համաձայն որի Կալիֆոռնիայում ապրող անձինք, որոնց նախնիները տուժել են Ցեղասպանությունից, կարող էին Կալիֆոռնիա նահանգի դատարաններում քրեական գործ հարուցել այն ֆինանսական կազմակերպությունների դեմ, որոնք հրաժարվում են վերադարձնել մինչև Ցեղասպանությունը հայերի կողմից ներդրված գումարները կամ համարժեք փոխհատուցումը գողացված ապրանքներից:
Ինչպես նշեց փորձագետը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ, ԱՄՆ դաշնային դատարանի որոշումը տհաճ դրվագ է, բայց ոչ ավելին:
«Թուրքական լոբբին՝ ի դեմս ԱՄՆ Թուրքական ֆորումի, զգալիորեն ակտիվացել է վերջին շրջանում: Դրա բյուջեն արդեն հասնում է տասնյակ միլիոն դոլարների: Եթե հրեական, հայկական կամ հունական լոբբիները Ամերիկայում նորմալ երևույթներ են, ապա թուրքական լոբբին ինչ-որ նոր բան է»,- ասաց Սաֆրաստյանը:
Խոսելով ԱՄՆ-ում երկու հայկական լոբբիստական կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայկական Ասամբլեայի և Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի մասին, փորձագետը նշեց, որ այս կազմակերպությունները ԱՄՆ-ում մեծ փորձ ու կշիռ ունեն:
«Կարծում եմ՝ հայկական լոբբին շուտով կակտիվացնի իր քայլերն այս հարցի ուղղությամբ և զգալի արդյունքների կհասնի»,- ավելացրեց պատմաբանը:
Նա նշեց, որ ի վերջո դատարանի որոշումը քաղաքական որոշում չէ, չնայած տվյալ դեպքում որոշակի քաղաքական երանգավորում ունի:
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-