Հայաստանում առաջին անգամ ինտերակտիվ արվեստի փառատոն կանցկացվի

21.08.2009, 16:18
Հայաստանում առաջին անգամ ինտերակտիվ արվեստի փառատոն կանցկացվի
Հայաստանում առաջին անգամ ինտերակտիվ արվեստի փառատոն կանցկացվի

Սեպտեմբերի 22-ից 26-ը «Փոփոխությունների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում ինտերակտիվ արվեստի փառատոն կանցկացվի:

«Փառատոնին կմասնակցեն Հայաստանի, Թուրքիայի և Վրաստանի ինտերակտիվ ֆորում թատրոնների պրոֆեսիոնալ դերասանները»,- ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Փոփոխությունների թատրոն» կազմակերպությունից:

Փառատոնի շրջանակներում հանրությանը կցուցադրվի չորս ինտերակտիվ ֆորում ներկայացում` նվիրված կանանց իրավունքներին, հանդուրժողականությանը, բազմակարծությանը և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:

Փառատոնի շրջանակներում կանցկացվի նաև եռօրյա մասնագիտական վերապատրաստման դասընթաց` Մեծ Բրիտանիայից հրավիրված ինտերակտիվ ֆորում թատրոնի հանրահայտ մասնագետ Քարին Չափման Քլարքի կողմից:

Ինտերակտիվ «Ֆորում թատրոն» մեթոդը մշակվել է յոթանասունական թվականներին բրազիլացի հանրահայտ ռեժիսոր և քաղաքական գործիչ Ավգուստո Բոալի կողմից` նպատակ հետապնդելով խթանել հասարակական կարևոր գործընթացներում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը:

Բոալը նաև օրիգինալ ժանրի մի քանի թատրոնների հիմնադիր է՝ ժողովրդական թատրոն, բողոքի թատրոն, ինտերակտիվ ու կրթական թատրոններ, թերապևտիկ թատրոն և օրենսդրության թատրոն: Բոալը նաև «հանդիսատես-դերասան» («spect-acteur») առանձնահատուկ կերպարի ստեղծողն է:

Փառատոնի նպատակը շարքային քաղաքացիներին հասարակական ոչ ֆորմալ քննարկումներին ներգրավելն է` ինտերակտիվ Ֆորում թատրոնի միջոցով ստեղծված անկաշկանդ և կառուցողական մթնոլորտում:

Միաժամանակ նախագիծը նպատակ ունի խթանել Հայաստանում և մասնակից երկրներում «Ֆորում թատրոն» մեթոդի արմատավորումն ու տարածումը` փորձի փոխանակման, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև համագործացկության հեռանկարների ստեղծման ճանապարհով, ասվում է հաղորդագրության մեջ: 

Ինտերակտիվ արվեստի փառատոնն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի և Բրիտանական Խորհրդի աջակցությամբ: -0-