ՀՀ մշակույթի նախարարը Բրազիլիայի դեսպանի հետ քննարկել է մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

20.08.2009, 16:42
ՀՀ մշակույթի նախարարը Բրազիլիայի դեսպանի հետ քննարկել է մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարսելո Նիկոդեմոսի հետ քննարկել է հայ-բրազիլական մշակութային համագործակցության ընդլայնման հեռանկարները, ասվում է Մշակույթի նախարարության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ: 

Նախարար Պողոսյանն անդրադարձ կատարելով հայ-բրազիլական մշակութային համագործակցության երկկողմ ձեռքբերումներին՝ փաստեց, որ հունդը, ինչ խոսք, առատ է, սակայն, նաև պարտավորեցնող:

Նախարարը ՀՀ-ում ԲԴՀ նորանշանակ դեսպանին առաջարկեց արդեն իսկ ձևավորված համագործակցությանը զուգահեռ աշխատանքներ ծավալել կինոարվեստի ոլորտում` հաշվի առնելով, որ տեղի հայազգի կինոգործիչները նախարարության աջակցությամբ իրականացնում են հայկական կինոյի ներկայացմանը ուղղված որոշակի ծրագրեր և որը առավել նպատակային ու փոխշահավետ կլինի 2 պետությունների կինոարտադրողների համար, եթե ջանքերը մեկտեղվեն պետական կառույցների կողմից:

Համագործակցության հետաքրքրություն ներկայացնող ոլորտներից նախարար Պողոսյանը մատնանշեց նաև թարգմանական գրականությունը, ցուցահանդեսային, համերգային մի քանի նախագծեր, որոնք աշխատանքային կարգով կքննարկվեն առաջիկայում:

ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Մարսելա Նիկոդեմոսը իր խոսքում ևս հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ, որպեսզի շարունակական լինեն ստեղծված ավանդույթները:

Նա հայտնեց, որ ԲԴՀ դեսպանությունը ծրագրում է Հայաստանում սեպտեմբեր ամսին ներկայացնել Ստեփան Ներսիսյանի 2008թ. նկարահանած "Ball rum" ֆիլմը, որը կնվիրվի 2 պետությունների` Բրազիլիայի /սեպտեմբերի 7/ և Հայաստանի /սեպտեմբերի 21/ անկախությանը նվիրված ազգային տոնին:-0-