Հայաստանի կառավարությունը հաստատել է ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարությունը

13.08.2009, 18:12
Հայաստանի կառավարությունը հաստատել է ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարությունը
Հայաստանի կառավարությունը հաստատել է ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարությունը

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատեց Հայաստանում և Երևանում ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարությունն, ինչպես նաև գործողությունների հնգամյա ծրագիրը։

Ինչպես հայտնեց տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, որոշման ընդունումը պայմանվորված է երթևեկության կանոնների անվտանգության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ Հայաստանում ընդհանուր առմամբ և մայրաքաղաքում մասնավորապես։

«Ծրագիրը պատրաստ է եղել դեռևս 2008 թվականին և քննարկումների երկար ճանապարհ է անցել հասարակական կազմակերպություններում, ԶԼՄ-ներում, շահագրգիռ անձանց մոտ»,- հայտարարեց տրանսպորտի նախարարը։  

Իր հերթին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ընդունվող ռազմավարության իրականացումը պետք է Հայաստանի բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում լինի, քանի որ երթևեկության անվտանգությունը երկրում պատշաճ մակարդակի վրա չէ։

«Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն, այդ թվում մահացու ելքով, Հայաստանում մի քանի անգամ գերազանցում է մյուս երկրների ցուցանիշները։ Դրա հիմնական պատճառը ճանապարհային երթևեկության անվտանգութայն կանոնների խախտումն է»,- նշեց կառավարության նախագահը։

Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է պահանջկոտ լինել վարորդների նկատմամբ երթևեկության անվտանգության, անվտանգության գոտիների օգտագործման առումով։ «Բայց անվտանգության գոտիները չեն օգտագործում անգամ ոստիկանները։ Այս իսկ պատճառով մենք պետք է սկսենք մեզանից, իսկ այնուհետև պահանջենք վարորդներին»,- ասաց վարչապետը։

Սարգսյանը հայտնեց, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության իրականացումից հետո Հայաստանում էապես կնվազի ՃՏՊ-ների թիվը, այդ թվում մահացու ելքով, ինչպես նաև վթարների ժամանակ ծանր վիրավորների թիվը։

«Այս որոշումով մենք կարող ենք մարդկային հազարավոր կյանքեր պահպանել։ Մենք պետք է հանրությանը ներկայացնենք ռազմավարության օգուտը, կենսականորեն կարևոր նշանակությունը»,- նշեց կառավարության ղեկավարը։

Հայաստանի տրանսպորտի նախարարը կառավարական ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնեց, որ 10 մլն դոլար արժողությամբ տվյալ ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է մահացու ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կրճատել 10 տոկոսով։ Սարգսյանի ներկայացրած տվյալներով՝ 2008 թվականին Հայաստանում գրանցվել է ավելի քան 2,2 հազար ՃՏՊ, որոնցում զոհվել է 4,7 մարդ և ավելի քան 3,1 հազար մարդ վիրավորվել է։ Միաժամանակ վարչապետը նշեց, որ ՃՏՊ-ների 25 տոկոսը տեղի է ունենում Երևանում։

«ՃՏՊ-ների թիվն ամեն տարի կայուն աճում է, և մեր նպատակն է նվազեցնել ՃՏՊ-ների և առավել ևս մահացու ելքով դեպքերի թիվը։ Մարդկային կյանքը գնահատել հնարավոր չէ, բայց անհրաժեշտ է նշել նաև ՃՏՊ-ների ազդեցությունը երկրի տնտեսության վրա, որի վնասը դրանցից կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 1 տոկոսը»,- հայտնեց տրանսպորտի նախարարության ղեկավարը։

Ներկայացված տվյալներով՝ մահացու ելքով ՃՏՊ-ների վնասն ամեն տարի կազմում է 6-7,5 մլրդ դրամ (16-20 մլն դոլար), իսկ ծանր վնասվածքներով ՃՏՊ-ների թիվը՝ 14,5-21,5 մլրդ դրամ (39-58 մլն դոլար)։ «Այսպիսով՝ ՃՏՊ-ներից ստացված տարեկան վնասը կազմում է մոտ 30 մլրդ դրամ (81 մլն դոլար), և մեր նպատակն է նվազեցնել այդ վնասը»,- ասաց նախարարը։

Նրա խոսքերով՝ ՃՏՊ-ները նաև աղքատության աճի պատճառներից են Հայաստանում, քանի որ վթարում կերակրողի մահվան դեպքում ընտանիքն ինքնաբերաբար հայտնվում է աղքատության շեմին։ Սարգսյանն ուշադրություն դարձրեց անվտանգության գոտիների օգտագործման կարևորությանը և հայտնեց, որ 40-60 կմ/ժ արագության դեպքում դրանց արդյունավետությունը կազմում է 100 տոկոս։ «Այսպիսով՝ եթե վթարը տեղի ունենա այդ արագության դեպքում, ապա ՃՏՊ-ն մահացու ելք չի ունենա»,- ասաց Սարգսյանը։

ՃՏՊ-ների մեծ թվի պատճառների թվում տրանսպորտի նախարարը նշեց նաև երկրի ավտոպարկի մաշվածությունը, որի տարիքը կազմում է 10-12 տարի։ Նախարարի տվյալներով՝ նոր ավտոմեքենաների ներկրումը դեպի Հայաստան հանգեցնում է ավտոպարկի թվաքանակի աճին և ճանապարհների գերբեռնվածությանը։ Սարգսյանը նշեց, որ, մասնավորապես, Երևանի փողոցները նախատեսված չեն ավտոտրանսպորտի նման մեծ թվի համար։ -0-