Երկու հայ մարզիկներ կմասնակցեն թեթև աթլետիկայի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի Բեռլինում օգոստոսի 15-23-ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի միջազգային բաժնի ղեկավար Մերի Հովհաննիսյանը:
«Մելիք Ջանոյանը կմասնակցի նիզակի նետման մրցմանը, իսկ Անի Խաչիկյանը՝ 100 մետր վազքին»,- ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքերով՝ հայ մարզիկները լավ մարզավիճակում են, նրանք լավ պարապել են առաջնությունից առաջ:
«Նրանց համար կազմակերպվել են հատուկ ուսումնամարզական հավաքներ, Ջանոյանի համար՝ Գերմանիայում, իսկ Խաչիկյանի համար՝ Հայաստանում»,- նշեց Հովհաննիսյանը:
Նա հայտնեց նաև, որ Խաչիկյանի լավագույն անձնական նվաճումը 12,17 վայրկյանն է, ինչը Հայաստանի ազգային ռեկորդ է, իսկ Ջանոյանինը՝ 78,3 մետր: -0-