«Երաժիշտները հանուն խաղաղության» ամենամյա միջազգային երաժշտական առաջին փառատոնը կանցկացվի Հայաստանում օգոստոսի 28-ին

12.08.2009, 14:07
«Երաժիշտները հանուն խաղաղության» ամենամյա միջազգային երաժշտական առաջին փառատոնը կանցկացվի Հայաստանում օգոստոսի 28-ին
«Երաժիշտները հանուն խաղաղության» ամենամյա միջազգային երաժշտական առաջին փառատոնը կանցկացվի Հայաստանում օգոստոսի 28-ին

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Երաժիշտները հանուն խաղաղության» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնը կանցկացվի Սևանա լճի ափին՝ «Մայամի» հանգստի գոտում օգոստոսի 28-ին:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ «Ֆորշ ընդ Ֆրենդս» ընկերության կողմից կազմակերպած փառատոնը միտված է նպաստելու մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանը, ինչպես նաև նոր զբոսաշրջային արդյունքի ձևավորմանը:

«Այս փառատոնը հնարավորություն կընձեռի ակտիվացնել համագործակցությւոնը միջազգային երաժշտական կազմակերպությունների և խմբերի հետ, ներկայացնել Հայաստանը միջազգային հանրությանը որպես միջազգային փառատոներ կազմակերպող երկիր»,- ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքերով` այս նախաձեռնությունն ամբողջովին համապատասխանում է նոր զբոսաշրջային մրցունակ արդյունքի ձևավորման պետական քաղաքականությանը:

Փառատոնի կազմակերպմանն օժանդակություն են ցուցաբերում նաև տրանսպրոտի ու կապի, մշակույթի և սփյուռքի նախարարությունները:

Իր հերթին «Ֆորշ ընդ Ֆրենդս» ընկերության հիմնադիր-տնօրեն, հայ հայտնի բարդ Ֆորշը (Վահան Գևորգյան) ասաց, որ հետագա ծրագրերում է փառատոնն ավանդական դարձնելը:

 «Փառատոնին կմասնակցեն հնգական խմբեր Հայաստանից և Վրաստանից, ինչպես նաև մեկը Մեծ Բրիտանիայից: Մենք արդեն սկսել ենք բանակցություններն ԱՄՆ-ի մի շարք հայտնի կատարողների հետ և հույս ունենք, որ հաջորդ տարի նրանք կմասնակցեն փառատոնին»,- ասաց Ֆորշը:

Փառատոնին կմասնակցեն երաժշտական երկու ուղղությունների՝ ռոքի և բլյուզի 75 ներկայացուցիչներ: Հայաստանը կներկայացնեն Ֆորշը և «Ռե մինորը», «Քրոսրոդսը», «Ռեինկառնացիան», «Դորիանսը», «Բամբիռը», Վրաստանը՝ «Սթրինգը», «Բակուրը», «Սմայլը», «Վովա Մագիլաձեն», «Զումբալենդը», իսկ Անգլիան՝ «Ամրիթա» խումբը: -0-