VivaCell-MTS գլխավոր տնօրենն ու Հայկական Կարմիր խաչի ընկերության ղեկավարը ՄԻԱՎ-վարակի թեստ հանձնեցին լրագրողների ներկայությամբ

31.07.2009, 17:48
VivaCell-MTS գլխավոր տնօրենն ու Հայկական Կարմիր խաչի ընկերության ղեկավարը ՄԻԱՎ-վարակի թեստ հանձնեցին լրագրողների ներկայությամբ

VivaCell-MTS գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայկական Կարմիր խաչի ընկերության ղեկավար Մխիթար Մնացականյանն ուրբաթ ՄԻԱՎ-վարակի թեստ հանձնեցին լրագրողների ներկայությամբ։

VivaCell-MTS-ըև Կարմիր խաչի հայկական ընկերությունն ուրբաթ փոխըմռնման հուշագիր ստորագրեցին, որը նախատեսում է նաև պայքար ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի տարածման դեմ։  

«Սա մեր առաջին ակցիան է։ Մեր կազմակերպության ներկայացուցիչներն ու կամավորներն, ովքեր նույնպես թեստ հանձնեցին, օրինակ են ծառայում հասարակության համար»,- միջոցառմանը նշեց Մնացականյանը։

Ըստ նրա՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարը չի կարող արդյունավետ լինել, եթե դրանով զբաղվի միայն կառավարությունը, պետությունը կամ առանձին բժշկական հաստատություններ։
 
«Սա համընդհանուր գործ է։ Եթե դրան չմասնակցեն հասարակությունը և տարբեր կազմակերպություններ, ապա հաջողության չենք հասնի»,- ասաց Մնացականյանը։
 
Իր հերթին Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու համար հասարակությունը պետք է տեղեկացված լինի։

«Մենք պետք է իմանանք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ վիրուսը։ Եթե ուշադիր չլինենք այս հարցի նկատմամբ, ապա վիրուսը տասնյակ տարիներ անց կարող է յուրօրինակ ցեղասպանություն իրականացնել»,- ասաց Յիրիկյանը։

Նա նշեց, որ պաշտոնական տվյալներով, աշխարհում ՁԻԱՀ-ից արդեն մահացել է շուրջ 25 մլն մարդ, և յուրաքանչյուր տարի մահանում է մոտ 2-2,5 մլն մարդ։

«Այս թվերը կարելի է հանգիստ կրկնապատկել, քանի որ շատ երկրներում մարդիկ ամաչում են ասել այդ հիվանդության մասին»,- նշեց Յիրիկյանը։

Նրա խոսքերով՝ հայերը չպետք է ամաչեն այդ խնդրի մասին խոսելուց։ «Եթե մենք ամաչում ենք, նշանակում է, որ մենք չենք ցանկանում իրազեկ լինել և չենք ցանկանում հասկանալ, թե որքան վտանագավոր է այս վիրուսը»,- ավելացրեց Յիրիկյանը։

Կարմիր խաչի հայկական ընկերությունը հիմնվել է 1920 թվականին, այն իր մասնաճյուղերն ունի Հայաստանի ողջ տարածքում։ 1955 թվականին Կարմիր խաչի հայկական ընկերությունը ճանաչվել է Կարմի խաչի միջազգային կոմիտեի կողմից և դարձել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ։

VivaCell-MTS («Ղ-Տելեկոմ») Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։ Ընկերությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։

VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80% բաժնետերը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (МТС) ԲԲԸ-ն է, իսկ մնացած 20%-ը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերությանը։ (1 դոլարը 366,03 դրամ է) -0—