Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգի GSP+ աշխատաժողովն է անցկացվում Երևանում

31.07.2009, 14:54
Արտոնությունների ընդհանրացված  համալրված համակարգի GSP+ աշխատաժողովն է անցկացվում Երևանում

Եվրոպական Միության TAIEX («Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք») ծրագրի շրջանակներում կազմակերպվող Արտոնությունների ընդհանրացված  համալրված համակարգի (ԱԸՀՀ, GSP+) վերաբերյալ աշխատաժողովն է անցկացվում ուրբաթ Երևանում։

Միջոցառմանը մասնակցում են պետական կառավարման մարմինների, Հայաստանի փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

«Սեմինարի նպատակն է հայկական բիզնես-հանրությանը հերթական անգամ հիշեցնել այն առավելությունների մասին, որոնք տրամադրվում են ընդհանրացված արտոնությունների համակարգով, հատկապես տնտեսական ճգնաժամի պայմաններում»,- լրագրողներին  հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահե Դանիելյանը։

Փոխնախարարը նշեց, որ GSP+ համակարգը թույլ է տալիս դրանից օգտվող երկրներին եվրոպական շուկաներ արտահանել շուրջ 10 հազար ապրանքանիշ զրոյացված կամ զգալիորեն իջեցված մաքսատուրքերով։

Տվյալ համակարգը թույլ է տալիս կրճատել տուրքերը Եվրոպա ներմուծվող ծխախոտի համար մինչև 52 տոկոս, տարբեր տեսակի բնական հյութերի համար՝ 30 տոկոս, մրգի համար՝ 20 տոկոս, բանջարեղենի համար՝ 14 տոկոս, ձկնամթերքի համար՝ 20 տոկոս, մեղրի համար՝ 17 տոկոս։

Դանիելյանի խոսքերով՝ GSP+ ընդհանրացված  համալրված համակարգից ներկայումս օգտվում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բոլիվիան, Կոլումբիան, Կոստա-Ռիկան, Էկվադորը, Էլ Սալվադորը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մոնղոլիան, Նիկարագուան, Պարագվայը, Պերուն, Շրի-Լանկան և Վենեսուելան։

2008 թվականի դեկտեմբերին Եվրոպական Հանձնաժողովը հաստատել է այն երկրների ցուցակը, որոնք կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար հնարավորություն կունենան 2009 թվականի հունվարի մեկից մինչև 2011 թվականի տարեվերջ օգտվել Եվրամիության կողմից սահմանած «Արտոնությունների ընդհանրացված  GSP+ համակարգի» ռեժիմից, որը նախատեսում է սեփական արտադրանքի թեթևացված ներմուծում դեպի Եվրոպայի շուկաներ։

TAIEX-ը Եվրահանձնաժողովի տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիք է, որը կենտրոնացված կարգով կարճաժամկետ տեխնիկական օգնություն  է տրամադրում (առավելագույնը հինգ աշխատանքային օրվա  ընթացքում) երկրի օրենսդրությունը ԵՄ չափորոշիչներին մոտեցնելու համար՝ դրա հետագա կիրառման ապահովմամբ։ Տրամադրվող աջակցությունը ձևավորվում է շահագրգռված երկրների, Եվրահանձնաժողովի համապատասխան ծառայությունների և անդամ-պետությունների պահանջներին համապատասխան։ TAIEX-ին զուգահեռ ներկայումս Հայաստանում հասանելի են այնպիսի գործիքներ, ինչպիսիք են Twinning-ը, Sigma-ն և Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքը։ -0-