Ադրբեջանը սեփական քարոզչության գերին է դարձել. ՀՀ ԱԳ փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը սեփական քարոզչության գերին է դարձել, կարծում է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ադրբեջանը փորձում է սեփական քարոզչության միջոցով համաշխարհային հանրությանը, այդ թվում նաև միջնորդներին պարտադրել ղարաբաղյան հարցում ունեցած սեփական դիրքորոշումը: Մադրիդյան փաստաթուղթը ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի հասել հաջողության, ավելին՝ այն հաջողության է հասել միայն սեփական հասարակության ներսում», - ասել է Քոչարյանը նախօրեին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները, մասնավորապես, նախատեսում են ազատ կամարտահայտության միջոցով Ղարաբաղի կարգավիճակի սահմանում, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովում, անվտանգության երաշխիքների տրամադրում, վերահսկվող տարածքներից զորքերի դուրսբերում:
Ինչպես կարծում է ՀՀ ԱԳ փոխնախարարը, այն բանից հետո, երբ Ադրբեջանը հայտնվեց նման ծանր դրության մեջ, երկիրը պետք է հաշտվի և մի կողմ դնի մինչև այժմ քարոզվող սկզբունքները, իսկապես գիտակցելով իրավիճակը՝ նստի բանակցությունների սեղանի շուրջ:
«Միայն այդ ժամանակ բանակցություններում առաջընթաց կգրանցվի, հակառակ դեպքում մենք կմնանք նույն վիճակում, ինչ այժմ ենք», - հայտարարել է Քոչարյանը:
Փոխնախարարի կարծիքով՝ Ադրբեջանի վարքագծի երկրորդ տարբերակ կարող է լինել երկակի չափանիշների քաղաքականությունից՝ ներքին և արտաքին օգտագործման հայտարարություններից հրաժարվելը: Ինչպես ավելացրել է Քոչարյանը՝ հարևան Ադրբեջանի այսօրվա վարքագիծը կարող է վկայել այն մասին, որ երկիրը պատրաստ չէ բանակցություններ վարել Մադրիդյան սկզբունքների շուրջ, սակայն երբեք դա չի խոստովանում:
«Ադրբեջանը, որը ԼՂՀ ժողովրդի կամարտահայտությունից անմիջապես հետո ընտրեց հակազդեցության ուժային մեթոդները, վկայում է այն մասին, որ այն երբեք չի հրաժարվել իր դիրքորոշումից, ստիպողաբար է 1994 թ.-ին գնացել հրադադարի և մինչ այժմ ուժային լուծման հույս ունի: Բանակցությունների նման կողմի առկայության դեպքում անվտանգության երաշխիքները պետք է շատ լուրջ լինեն», - հայտարարել է Քոչարյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-