ՀՀ խորհրդարանում կտեղադրվի 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող

27.07.2009, 13:18
ՀՀ խորհրդարանում կտեղադրվի 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող
ՀՀ խորհրդարանում կտեղադրվի 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանում կտեղադրվի1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող:
Ւնչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկումների արդյունքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ և իր գլխավորությամբ հուլիսի 25-ին ստեղծվել է հանձնաժողով, որը կզբաղվի 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նստավայրում տեղի ունեցած ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի կառուցման աշխատանքներով:
1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչներ, ներխուժելով Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ, գնդակահարեցին այնտեղ գտնվող երկրի ղեկավարներին, խորհրդարանի և կառավարության անդամներին։ Ահաբեկիչների զոհերը դարձան ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիխ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։
Ահաբեկիչների դատը տևեց 2001-2003թթ.։ Մեղադրող կողմը պահանջեց առավելագույն պատժամիջոց, սակայն 2003թ. սեպտեմբերին Հայաստանում մահապատիժը վերացվեց՝ ԵԽ պարտավորություններին համապատասխան։
Ցմահ բանտարկության դատապարտվեցին վեց ահաբեկիչներ, այդ թվում հանցախմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման։
Բոլոր յոթը մեղավոր են ճանաչվել ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներով՝ հայրենիքի դավաճանություն, ահաբեկչություն, հատկապես վտանգավոր պետական հանցագործությունների իրականացում։ --0—