Հայաստանի վարչապետը բավարարված է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության ընդլայնումից

23.07.2009, 19:52
Հայաստանի վարչապետը բավարարված է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության ընդլայնումից

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել Ասիական զարգացման բանկի հետ մեր երկրի ընդլայնվող և խորացող համագործակցության կապակցությամբ, հինգշաբթի տեղեկացնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից։

Ինչպես ասվում է հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հաղորդագրությունում, ԱԶԲ-ի փոխնախագահ ժաո Քսիայուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում կառավարության նախագահը հատկապես կարևորել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ծրագրի իրականացումը, որը տարածաշրջանային նշանակություն ունի։  

Սարգսյանն ընդգծեց նաև քննարկման փուլում գտնվող Քաղաքային տրանսպորտի զարգացման ծրագրի նշանակությունը, որը ներառում է Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհահատվածների կառուցում, վերականգնում և այլ բաղադրիչներ։

«Ներկայումս ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվում են գյուղական ճանապարհների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վերականգնման, ճգնաժամի հետևանքների մեղմման աջակցության ծրագրեր, որոնք գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում»,- ասվում է հաղորդագրությունում։

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ ժաո Քսիաուն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գործընկերության համար՝ նշել է, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է քննարկել Հայաստանի կառավարության կողմից առաջնահերթություն համարվող ոլորտներում իրականացվելիք ծրագրերը։

«Ես համոզված եմ, որ Ձեր այցելությունը նոր թափ է հաղորդելու մեր համագործակցությանը և ուրախ եմ, որ մեր տեսլականներն ամբողջությամբ համընկնում են, և դա երաշխիք է, որ մեր համագործակցությունը կշարունակվի և կընդլայնվի»,- ասել է ՀՀ վարչապետը։

Ասիական զարգացման բակը ստեղծվել է 1966 թվականին, բանկի անդամներն են 67 երկրներ։ Հայաստանը ԱԶԲ-ի անդամ  է 2005 թվականի սեպտեմբերի 20-ից՝  միանալով «Ասիական զարգացման բանկի հիմնադրման համաձայնագրին»։ Հայաստանի կառավարության և ԱԶԲ-ի միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագիր։ Հայաստանում ԱԶԲ-ի կողմից իրականացվող նախագծերի ընդհանուր արժեքը գյուղական ճանապարհների շինարարության և ջրամատակարարման ոլորտում կազմում է 83 մլն դոլար։
 
Ճգնաժամի պայմաններում  Հայաստանին օժանդակության ծրագրերի շրջանակներում ՀԲ-ը երկրին քառամյա կտրվածքով կտրամադրի 545 մլն դոլար, ԱՄՀ-ը՝ 823 մլն դոլար, ԱԶԲ-ը՝ երկամյա կտրվածքով 140 մլն, իսկ Ռուսաստանը՝ 500 մլն։

Առայսօր Հայաստանն ԱԶԲ-ից ընդհանուր առմամբ ստացել է 381 մլն դոլարի ֆինանսական աջակցություն։ -0-