ՀՀ կրթության և գիտության նախարարն ու ԱՄՆ դեսպանը երկրում կրթական բարեփոխումներին առնչվող հարցեր քննարկեցին

22.07.2009, 19:01
ՀՀ կրթության և գիտության նախարարն ու ԱՄՆ դեսպանը երկրում կրթական բարեփոխումներին առնչվող հարցեր քննարկեցին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը չորեքշաբթի ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ քննարկեց երկրում կրթական բարեփոխումներին առնչվող հարցեր, տեղեկանում ենք Հայաստանի կրթության և գիտության պաշտոնական կայքից։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտում երկկողմ հարաբերությունների պահպանման և զարգացման հարցեր։

Անդրադառնալով ֆինանսական ճգնաժամի հետևանքներին` նախարարը նշեց, որ կառավարությունը «ջանք չի խնայում կրթության ոլորտում գործունեության հիմնական ուղղությունների պահպանման գործում` չնայած գործընթացները հասկանալի պատճառներով դանդաղել են»:

Կառավարման նոր մեթոդների ներդրման ուղղությամբ նախարարը կարևորեց նախարարության աշխատակազմի կարողությունների հզորացման խնդիրը: Նախարարն անդրադարձավ օրենսդրական բարեփոխումների և կրթական նոր օրենսգիրք ստեղծելու անհրաժեշտությանը, որում զետեղված կլինի կրթական ոլորտին առնչվող ողջ իրավական փաթեթը:

Ներկայացնելով նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը` նախարարը նշեց, որ ոլորտի նկատմամբ պետական ուշադրությունը նախևառաջ պայմանավորված է խնդրի սոցիալական կարևորությամբ և կրթության մատչելիությամբ:

Անցում կատարելով ավագ դպրոցներին` Աշոտյանն ընդգծեց, որ ավագ դպրոցների գործընթացը ոլորտի անկյունաքարային բարեփոխումներից մեկն է. այն միտված է հանրակրթության ոլորտում նոր որակի խնդիրներ լուծելու և ապահովելու ավելի սահուն անցումը դեպի միջին և բարձրագույն մասնագիտական կրթություն:

Մարի Յովանովիչն իր հերթին նշեց, որ ԱՄՆ կառավարության ՀՀ կրթական ոլորտում իրականացվող ծրագրերը փոքրաքանակ են, և հետագայում պետք է այդ բացը լրացնել: -0-