ՀՀ նախագահը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական խնդիրն է համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը

21.07.2009, 11:55
ՀՀ նախագահը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական խնդիրն է համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը
ՀՀ նախագահը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական խնդիրն է համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումն է համարում, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Կարծում եմ՝ արդեն բոլորի համար պետք է պարզ դառնա, որ հիմնականը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է, որը պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ և ունենա պարտադիր իրավական  ուժ: Երբ այս խնդրին մենք կարողանանք պատշաճ ձևակերպում տալ, որը որևէ երկմտանք չի առաջացնի, այնուհետև, կարծում եմ, բանակցությունները շատ ավելի հարթ կշարունակվեն», - ասել է Սարգսյանը Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտի (Carl Bildt) գլխավորած՝ ԵՄ «Եռյակի» պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

ՀՀ նախագահը նշել է, որ երեք օր առաջ խնդիրը քննարկել է Ադրբեջանի նախագահի հետ: Նրա խոսքով` այս  քննարկումը մի փոքր  այլ պայմաններում էր, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն հանրությանը տեղյակ էին պահել, թե ինչ սկզբունքների շուրջ են բանակցությունները:

Հուլիսի 18-ին Մոսկվայում ընթացել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները:

Սերժ Սարգսյանը սա ինչ-որ տեղ նաև օժանդակություն է համարել, քանի որ, ըստ նախագահի, ցավոք սրտի, միշտ չէ, որ կողմերը հանրությանը ներկայացնում էին այն հարցերը, որոնց մասին խոսվում էր բանակցությունների ընթացքում:

Չնայած այս հանգամանքին, մոսկովյան քննարկումներից հետո ևս մեր հարևան Ադրբեջանում այլ կերպ են փորձում ներկայացնել բանակցությունների օրակարգը և իմաստը:

«Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ, թեև դժվարությամբ, բայց առաջընթաց կա: Հիմա մենք քննարկում ենք մադրիդյան սկզբունքներից առանձնացված հիմնական սկզբունքները, այնուհետև պետք է քննարկենք մնացած սկզբունքները, այնուհետև դրանց հիման վրա սկսենք հիմնական պայմանագրի մշակումը», - ասել է ՀՀ նախագահը:

Շվեդիայի ԱԳ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է այն կարևորությունը, որ Եվրամիությունը տալիս է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին և իրենց աջակցությունը խնդրի  կարգավորմանն ուղղված նրանց ջանքերին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին նրան, որ վերացավ հսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հարակից յոթ շրջանում:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ կնքված եռակողմ համաձայնագրից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ մահացավ շուրջ 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնն ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվայանից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնց համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-