ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 22-ին տեղի ունենալիք՝ վերջին հարյուր իննսունհինգ տարվա ընթացքում ամենաերկարատև արևի խավարումը Հայաստանից չի դիտվի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
«Արևի լրիվ խավարումը հնարավոր կլինի դիտել Չինաստանից և Հեռավոր Արևելքից, այն կտևի առավելագույնը յոթ րոպե», - ասաց Հարությունյանը:
Միաժամանակ, նրա խոսքերով, ամբողջական յոթրոպեանոց խավարումը կդիտվի կոնկրետ կետից, իսկ բուն արևի խավարումը մի քանի ժամ տևող գործընթաց է:
Վերջին անգամ նման երևույթ է նկատվել 1814 թ.-ին: Հաջորդ անգամ արևի խավարում տեղի կունենա արդեն 123 տարի անց:
Լուսնային ստվերն իր ուղին կսկսի համաշխարհային ժամանակով ժամը 00:53-ին, Հնդկաստանի արևմտյան ափից, այն կանցնի Չինաստան վրայով և կհասնի Ճապոնական կղզիների հարավ-արևելյան հատվածին: Ուղու երկրորդ կեսը կանցնի Խաղաղ օվկիանոսի վրայով:-0-