Հայ Առաքելական Եկեղեցին կիրակի՝ հուլիսի 19-ին նշել է Քրիստորի Պայծառակերպության տոնը (Վարդավառ):
Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է:
Եկեղեցական տոնացույցի համաձայն՝ «Վարդավառ» տոնը նշվում է Զատկից 98 օր հետո, այն Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:
Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17: 1-13) Մարկոս (9: 1-12) և Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները: «Եվ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը»:
Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը Պայծառակերպության տոնը նշանակել է հայկական տոնացույցի առաջին օրը՝ Նավասարդ ամսվա մեկին (օգոստոսի 11-ին): Հենց այս օրը նախաքրիստոնեական Հայաստանում նշվել է սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին նվիրված հեթանոսական տոնը:
Քրիստոնեության ընդունումից հետո պահպանվել են տոնակատարության բազմաթիվ նախաքրիստոնեական ավանդույթներ,մասնավորապես, վարդերով զարդարվելը, միմյանց վրա ջուր լցնելը, աղավնիներ բաց թողելը: Սակայն Եկեղեցին այդ ավանդույթներին այլ մեկնաբանություն է տվել՝ կապելով այն Մեծ ջրհեղեղի, Նոյի աղավնու և աստվածաշնչյան պատմության այլ դրվագների հետ:
VI դարում Մովսես Երկրորդ կաթողիկոսի օրոք (574-604) Քրիստոսի Պայծառակերպության տոնը ներառվել է Զատկի ժամանակացույցի մեջ՝ հաշվի առնելով այն, որ օգոստոսին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի վերափոխման տոնը:
Այսպիսով տոնը դարձել է շարժական և տոնվում է հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:-0-