ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվում է օպերատիվ շտաբ՝ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորությամբ, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը։
Նրա խոսքերով՝ շտաբը կհավաքի ողջ տեղեկատվությունը վթարի մասին և կմշակի կառավարության քայլերը։
«Քանի որ վթարը մեր երկրում չի տեղի ունեցել և ոչ էլ մեր ավիաընկերության ինքնաթիռն է վթարվել, ապա մենք ոչինչ չենք կարող առաջարկել, բացի իրանական կողմին աջակցություն ցուցաբերելը վթարի պատճառները հետաքննելու գործում»,- ասաց Մովսիսյանը։
Նա հայտնեց, որ մտադիր է կապվել իր իրանցի գործընկերոջ հետ, ում կառաջարկի բազմակողմանի աջակցություն և օժանդակություն դեպքի հետ կապված բոլոր հարցերում։
ՔԱԳՎ տվյալներով՝ Թեհրան-Երևան չվերթն իրականցնող Իրանում վթարի ենթարկված ինքնաթիռում եղել է 153 ուղևոր և անձնակազմի 15 անդամ:
«ՏՈՒ-154» ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Երևան կանոնավոր չվերթը: Ինքնաթիռն ընկել է Թեհրանից 200 կմ հեռավորության վրա:-0-