ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Բուդապեշտում իր հունգարացի գործընկեր Պետեր Բալաշի հետ քննարկել է նախագահ Սերժ Սարգսյանի՝ նոյեմբերին ծրագրված Հունգարիա կատարելիք այցի նախապատրաստության հարցերը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Նախօրեին կայացած հանդիպման ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ համագործակցությանը, Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բարձր գնահատելով վերջերս հայ-հունգարական հարաբերությունների զարգացման միտումները` նախարարներ Նալբանդյանն ու Բալաշը նշեցին բարձր մակարդակի փոխայցելությունների և քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը` որպես համակողմանի համագործակցության զարգացման երաշխիք:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին առևտրատնտեսական փոխգործակցության խորացման ուղիներին: Այս ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը կարևորեց համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, գործարար համաժողովների անցկացումը:
Նախարարները պայմանավորվեցին ակտիվացնել տնտեսական ոլորտի համաձայնագրերի նախապատրաստումը` Հայաստանի Հանրապետության նախագահի Հունգարիա այցելության ընթացքում ստորագրելու նպատակով:
Բանակցությունների ընթացքում մանրամասն քննարկվեցին նաև Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հունգարիայի արտգործնախարարին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները:
Նախարար Նալբանդյանի խնդրանքով Պետեր Բալաշը ներկայացրեց Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո Եվրոպական միությունում տեղի ունեցող գործընթացները, Եվրոպական հանձնաժողովի ձևավորման ընթացքը:
Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարներն անդրադարձան նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիս, ապա Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց տվեց հունգարական հեռուստատեսությանը:
Բուդապեշտում Էդվարդ Նալբանդյանը հունգարահայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Բուդապեշտում կանգնեցված հուշակոթողին:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Բուխարեստ:-0-