Ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է ընդդիմադիր թերթի՝ ընդհատակից դուրս եկած խմբագիրը

01.07.2009, 16:42
Ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է ընդդիմադիր թերթի՝ ընդհատակից դուրս եկած խմբագիրը

2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի ակտիվ մասնակիցներից մեկը՝ ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ընդհատակից և հանձնվել հանրապետության իրավապահ մարմիններին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

«Փաշինյանը ձերբակալվել է Երևանի Կենտրոն համայնքի Ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից և տեղափոխվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ»,- ասվում է հաղորդագրությունում։  

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է «ընդհատակից դուրս գալու և իր քաղաքական պայքարը բանտում անցկացնելու» որոշման մասին։
 
2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։ Փաշինյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

ՀՀ խորհրդարանը հունիսի 19-ին անցկացված արտահերթ նիստում հավանություն էր տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկությանը: Հայտարարված համաներման համաձայն, պատժից լիովին ազատվում են, մասնավորապես առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք, այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք:

Համաներումը տարածվում է 2008թ. մարտի 1-2-ը Երևանում քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց վրա, որոնց հինգ տարի ազատազրկում է սպառնում: Համաներումը տարածվում է նաև հետախուզման մեջ գտնվող անձանց վրա, ովքեր կհանձնվեն իրավապահ մարմիններին մինչև 2009թ.-ի հուլիսի 31-ը:-0-