ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Մաքսային ծառայությունը 2009թ.-ին թմրանյութերի անօրինական ներկրման 12 փորձ է կասեցրել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Պետեկամուտների կոմիտեից:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության կողմից 2009թ. ընթացքում արձանագրվել է թմրանյութերի` հիմնականում ափիոնի և մարիխուանայի մաքսանենգության 5, իսկ հոգեներգործուն նյութերի` 7 դեպք: Թմրանյութերը փորձել են հիմնականում ներմուծել Մեղրիի սահմանային կետով` Իրանի Իսլամական Հանրապետությունից:
Առանձնապես խոշոր չափերի «ափիոն» տեսակի թմրանյութի ներկրման փորձ է կանխվել տարեսկզբին: Թմրանյութը հայտնաբերվել էր Մեղրիի մաքսակետում` մաքսային հսկողության արդյունքում: Ավելի քան 2 կգ թմրանյութը` փաթաթված պոլիէթիլենային տոպրակների մեջ, Իրանից ժամանած ՀՀ քաղաքացին ամրացրել էր իր գոտկատեղի հատվածին ու ոտքերին:
1987 թվականին` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 42-րդ նստաշրջանի ժամանակ որոշում է ընդունվել ամեն տարի հունիսի 26-ը նշել որպես թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր, չնայած որ թմրանյութերի դեմ պայքարը կամ դրանց ապօրինի շրջանառությունը կանխելու փորձերն արդեն 100 տարվա պատմություն ունեն:-0-