Մոսկվայում կայացել է հայ ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը
Հայ ռեժիսոր, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի յոթ ֆիլմերի («Սահման», «Բանաստեղծի վերադարձը», «Վավերագրողը», «Կոնդը», «Վերջին կայարանը», «Վերադարձ ավետյաց երկիր», «Սպիտակ քաղաքը») հետահայաց ցուցադրությունը կայացել է Մոսկվայում հունիսի 19-28-ը, Մոսկվայի 31-րդ Միջազգային կինոփառատոնի շրջանակներում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Ոսկե ծիրան»-ի մամուլի ծառայությունից, հունիսի 22-ին «Օկտյաբր» կինոթատրոնի հետահայաց ցուցադրությունների բացմանը ներկա են եղել բազում անվանի կինոգործիչներ, լրագրողներ, մտավորականներ, նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Բացման խոսքով է հանդես եկել փառատոնի ծրագրերի տնօրեն Կիրիլ Ռազլոգովը:
Այդ օրը ցուցադրվել է ռեժիսորի «Սահման» ֆիլմը, որն այս տարի արդեն 2 հեղինակավոր մրցանակի է արժանացել:
Այնուհետև ընդունելություն է կայացել Մոսկվայում Հայաստանի դեսպանությունում, որպեղ ողջույնի խոսքով հանդես է եկել ռուս հայտնի կինոքննադատ, Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Պլախովը:
Մոսկվայի փառատոնի կատալոգում նա գրել է. «Հարություն Խաչատրյանի ֆիլմերը կինեմատոգրաֆի մաքուր ձևեր են ներկայացնում, որոնց միջոցով ռեժիսորը կարողանում է արտահայտել ժամանակակից աշխարհի սուր և դաժան հակասությունները»:
Մինչև հիմա կինոփառատոներում հայ ռեժիսորներից միայն Սերգեյ Փարաջանովի և Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել:
Մոսկվայի կինոփառատոնը Հարություն Խաչատրյանի հետահայաց ցուցադրություններ կազմակերպելու ցանկություն էր հայտնել` հետահայացների շարքում ընդգրկելով նաև աշխարհահռչակ այնպիսի ռեժիսորների, ինչպիսիք են Յեժի Սկոլիմովսկին և Մարկո Ֆերրերին:
Մոսկվայի միջազգային կինոփառատոնն անցկացվում է 1959 թվականից։ -0-