ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում հնարավոր է հաստատել միայն խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեր տարածաշրջանում մենք ուժի կիրառման բավական շատ օրինակներ ենք տեսել, և դա երբեք չի հանգեցնում լավ արդյունքների», - ասաց նա չորեքշաբթի Երևանում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
Նշելով, որ իր վրացի գործընկերոջ հետ հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև անվտանգության հարցեր՝ Սարգսյանն ընդգծել է, որ այդ բանակցությունների հիմնական արդյունքն այն է, որ «անվտանգության առաջին գործոնը մեր ժողովուրդների բարեկամությունն է»:
«Անվտանգության մթնոլորտի վրա ժողովուրդների բարեկամության ազդեցությունը կայանում է նրանում, որ ժողովուրդներն ու նրանց առաջնորդները միմյանց համար լրացուցիչ խնդիրներ չեն ստեղծում, ինչպես նաև չեն պայմանավորում իրենց բարեկամական կապերը երրորդ կողմի հետ հարաբերություններով», - ասել է ՀՀ նախագահը:-0-