ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանում հայտարարված համաներումը

24.06.2009, 15:27
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանում հայտարարված համաներումը
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանում հայտարարված համաներումը

ԱՄՆ-ն հունիսի 19-ին Հայաստանում հայտարարված համաներումը դիտարկում է որպես դրական զարգացում, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից:

«Մենք ողջունում ենք համաներումը և դրա հետևանքով նախկին արտգործնախարար Արզումանյանին, երկու պատգամավորին և ընդդիմության 12 այլ աջակիցներին բանտերից ազատ արձակելը», - ընդգծվում է տեղեկատվության մեջ:

Տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ «համաներման իրականացման ընթացքում ԱՄՆ-ն ակնկալում է տեսնել  նոր ազատ արձակվողների և քաջալերում է քաղաքական լարվածությունը մեղմելուն և կառուցողական երկխոսության համար ճանապարհ հարթելուն ուղղված հետագա քայլերի ձեռնարկումը»:

ՀՀ խորհրդարանը հունիսի 19-ին անցկացված արտահերթ նիստում հավանություն էր տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկությանը: Հայտարարված համաներման համաձայն` ազատություն ստացան ընդդիմության շատ ներկայացուցիչներ, ովքեր ազատազրկվել էին 2008թ. մարտի 1-2-ը Երևանում քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ:--0—