ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով չորեքշաբթի երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանեն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և տիկին Սանդրա Ռուլովսը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Վրաստանի նախագահին դիմավորելու պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի և Միխայիլ Սահակաշվիլու առանձնազրույցը», - ասվում է տեղեկատվության մեջ:
Այնուհետև կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի և Վրաստանի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Հունիսի 24-ի երեկոյան ՀՀ նախագահի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից, ի պատիվ Վրաստանի նախագահի և տիկին Սանդրա Ռուլովսի, կտրվի պաշտոնական ընթրիք:
Պաշտոնական այցի շրջանակներում Միխայիլ Սահակաշվիլին կհանդիպի նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Միխայիլ Սահակաշվիլին կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր և ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին: Այնուհետև Երևանի պետական համալսարանում Միխայիլ Սահակաշվիլին կհանդիպի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Հունիսի 25-ին Վրաստանի ղեկավարը կմեկնի Հայաստանից:-0-