Վրացի սահմանապահները իշխող ՀՀԿ-ից հայկական խորհրդարանի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության նախագահ Շիրակ Թորոսյանին արգելել են մուտք գործել Վրաստանի տարածք, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Միտք» վերլուծական կենտրոնից:
«Սա երկու երկրների պատմության մեջ նախադեպը չունեցող երևույթ է, երբ հայ բարձրաստիճան պաշտոնյային առանց բացատրություններ տալու արգելում են մտնել Վրաստանի կողմից վերահսկվող տարածքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Միտք» կենտրոնում ընդգծեցին, որ այս փաստն ինքնին մատնանշում է վրացական պետության խուճապահար պահվածքը, երբ Ջավախքի խնդրի արդարացի լուծման համար պայքարողներին հնարավորինս հեռու են պահում խնդրո առարկա տարածաշրջանից:
«Սա վկայում է վրացական պետության լկտի պահվածքի մասին Հայոց պետության նկատմամբ, սա հատուկ շեշտում ենք, քանի որ Շիրակ Թորոսյանը հանդիսանում է ոչ պարզապես քաղաքացի կամ պաշտոնյա, այլ՝ Ազգային Ժողովում ՀՀ իշխող կուսակցության՝ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր»,- շեշտվում է հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում նշվում է նաև, որ վրացական պետության մշտնջենական ոչ բարեկամական դրսևորումների հերթական ապացույցը հայկական կողմի նկատմամբ, «երբ վրացիներն իրենց քայլերում անգամ հաշվի չեն առնում Վրաստանի նախագահի՝ ՀՀ մոտալուտ այցի փաստը, որտեղ, ինչպես հայտնի է, բարձրացվում են «բարեկամության» ավանդական բաժակները»:
«Ելնելով այն հանգամանքից, որ Շիրակ Թորոսյանը ծնունդով Ջավախքի Գանձա գյուղից է, կապված է իր հայրենի հող ու ջրի հետ, ունի այնտեղ բազմաթիվ հարազատ-բարեկամներ՝ նրան Վրաստանի տարածք արգելելու փաստը նաև համարում ենք վրացական պետության կողմից Շիրակ Թորոսյանի անձին բարոյական վիրավորանք հասցնելու, մարդկային արժանապատվությունը ոտնահարելու քայլ»,- ասվում է «Միտք» կենտրոնի հայտարարության մեջ:
«Ելնելով այս հանգամանքներից՝ պահանջում ենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր առաջիկա այցի ընթացքում պաշտոնապես ներողություն խնդրի ինչպես Շիրակ Թորոսյանից, այնպես էլ բազմահազար ջավախահայերից, որոնք յուրաքանչյուր օր նվաստացվում են ՀՀ-Վրաստան սահմանային բոլոր անցակետերում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ պատգամավորը «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանի, ՀՀ վարչապետի ԱՊՀ հարցերով նախկին խորհրդական Ստեփան Մարգարյանի և ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ գերմանական «Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի» առաջարկությամբ և ձեռք բերված պայմանավորվածությամբ Վրաստանում պետք է հանդիպումներ ունենար պաշտոնյաների, հասարակական գործիչների, լրագրողական շրջանակների հետ` քննարկելու Ջավախքի խնդիրները և հայ-վրացական հարաբերությունները:-0-